Սևանա լճում ստորջրյա որոնողական աշխատանքների արդյունքում ձկնորսությունից չվերադարձած քաղաքացին չի հայտնաբերվել


Հունիսի 28-ին, ժամը 09։50-ին կորած քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով «Արևիկ» հանգստի գոտի է կրկին մեկնել Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը։ Այս մասին տեղեկացանում է ԱԻՆ լրատվական ծառայությունը։

Ջրասուզակը կատարել է ստորջրյա որոնողական աշխատանքներ, ինչը դադարեցվել է մթության պատճառով. քաղաքացին չի հայտնաբերվել:

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Մինչև երեկո տևած որոնողական աշխատանքները մթության պատճառով ժամանակավորապես դադարեցվել են։

Հունիսի 27-ին, ժամը 09։26-ին քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ մեկնել է «Արևիկ» հանգստի գոտի. աշխատանքներն ավարտվել են անարդյունք։