«Քաղաքական դիակները» պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը


Վերջին շաբաթների քաղաքական իրադարձույթյունները ավելի են թեժացրել իշխանություն-ընդդիմություն հարաբերությունները: Խոսքն այս դեպքում ամենևին էլ «Լուսավոր Հայաստանի» մասին չէ: Խորհրդարանական ուժն այս առայժմ ոչ մի ճակատում չի դիրքավորվում: Ավելի ակտիվ են հատկապես արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը՝ ՀՀԿ-ն, Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը, ՀՅԴ-ն, «Մեկ Հայաստան» կուսակցությունը և այլն:

Ծառուկյանի շուրջ ստեղծված քաղաքական-իրավական դեպքերի ֆոնին մի առանձին ընդդիմադիր ճակատ էլ ԲՀԿ-ն է ձևավորել: Դեռ լուռ է Ռոբերտ Քոչարյանը: Մամուլն արդեն բացահայտել է Հայաստանի երկու նախկին նախագահների հանդիպման մասին տեղեկություններն առ այն, որ Քոչարյանն ու Սարգսյանը հանդիպել են, քննարկել երկրում ստեղծված քաղաքական տրամադրությունները: Հանդիպման մանրամասների մասին քար լռություն են պահպանում և քոչարյանականները և սերժականները: 

Հետաքրքիրն այն է, որ օրեցօր այս ուժերի համակիրների կամ ներկայացուցիչների ելույթներում նկատվում է նույն բառապաշարն ու նույն պահանջատիրական տոնը: Եթե ուշադիր լինենք, ապա հաճախ կարելի է լսել «Փաշինյանը պետք է հեռանա», «Փաշինյանը տապալել է», «Փաշինյանը ձախողել է» և նմանօրինակ ելույթներ, որոնք այս ուժերը սպասարկող լրատվամիջոցներում դառնում են վերնագրեր ու ստեղծում տպավորություն, թե Փաշինյանի հրաժարականը օրերի հարց է:

Անցած շաբաթ ԱԺ ամբիոնից վարչապետը նեղսրտած խոսեց որոշ լրատվամիջոցների մասին ու ընդգծեց. «Ցույց տվեք երրորդ հանրապետության պատմության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն 3-4, եթե ոչ 6-7 հեռուստաալիքով առավոտից իրիկուն ինչքան, կներեք արտահայտությանս, քաղաքական դիակ կա, գարշահոտություն ա տարածում երկրով մեկ»,- նշեց Փաշինյանը:

«Եթերային գարշահոտությունն» էլ հենց այնպես չի լինում, արդեն նկարագրեցինք, թե ինչ նպատակ են հետապնդում ամենօրյա նման վերնագրերը: Թե քաղաքական այս քամիներն ուր կտանեն Փաշինյանին ու այս կառավարությանը՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ նախկիններին հեշտ չի լինելու զրոյացնել հեղափոխական տրամադրությունները՝ միանշանակ է: