Գագիկ Ծառուկյանի տղան՝ Նվեր Ծառուկյանը կորոնավիրուսով հիվանդ է



Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր  Ծառուկյանը, որին ՔԿ-ն հարցաքննության է կանչել «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ անցյալ տարի տեղի ունեցած արյունալի միջադեպի գործով, որի արդյունքում 2 երիտասարդ են սպանվել, վարակված է կորոնավիրուսով:

NewArmenia.am-ը քննչական կոմիտեից տեղեկացել է, որ վարույթն իրականացնող մարմինը Նվեր Ծառուկյանին հրավիրել է հարցաքննության, սակայն վերջինիս փաստաբանը գրությամբ տեղեկացրել է, որ նա առողջական խնդիրների պատճառով այս պահին չի կարող ներկայանալ. նրա մոտ կորոնավիրուս է հաստատվել:

Չնայած դեպքը տեղի է ունեցել 1,5 տարի առաջ, Նվեր Ծառուկյանը հարցաքննվել է ընդամենը մեկ անգամ՝ վկայի կարգավիճակով։ 2019-ի հունվարի 29-ին ժամը 1։30-ի սահմաններում Աբովյան քաղաքում գտնվող «Պարտեզ» ռեստորանային համալիրի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, ինչը վերածվել է զինված միջադեպի, օգտագործվել է հրազեն։ Կրակոցների հետևանքով 7 անձ ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ մեկը՝ Աբովյան քաղաքի բնակիչ Արտաշես Գևորգյանը, տեղում մահացել: Ավելի ուշ հիվանդանուցում մահացավ ևս մեկ երիտասարդ՝ Ջիվան Հարությունյանը, որը ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելո) հարազատն էր։

Սպանվածի հարազատները բաց նամակով Գագիկ Ծառուկյանի տղային մեղադրել էին սպանությունը հրահանգելու մեջ: Նա մինչ այժմ վկայի կարագվիճակ ունի: Մեղադրանք է առաջադրվել 22 մասնակցի:

Ըստ ՔԿ-ի՝ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 7 մեղադրյալներից մեկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 258-րդ մասի 3-րդ մասի 1-ին կետով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, երեքին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ, 7-րդ, կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, հինգերորդին` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով և 258-րդ հոդվածի 4-րդ մասով, վեցերորդին ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, յոթերորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նրանցից 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մյուսների նկատմամբ կիրառվել են այլ խափանման միջոցներ: 7 մեղաադրյալի մասով հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: