Երեխայի առք ու վաճառքի գործով մեղադրանք է առաջադրվել 5 անձի, այդ թվում գնորդ ամուսիններին


2020թ. հուլիսի 16-ին Արարատի մարզի բնակչուհին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ նույն մարզի բժշկական հաստատության աշխատակցի միջոցով պայմանավորվածություն է ձեռք բերել եւ 2020թ. հուլիսի 13-ին իր նորածին դստերը 2.000 ԱՄՆ դոլարով վաճառել է երեւանաբնակ  ամուսինների:

ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի  (խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը) 1-ին մասով, որը  նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

Քրեական գործով կատարված անհետաձգելի քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Արարատի մարզի բնակչուհին, ունենալով ութ ամսական հղիություն, 2020թ. հունիսին բժշկական հաստատության աշխատակիցների կազմակերպմամբ եւ օժանդակությամբ, պայմանավորվածություն է ձեռք բերել Երեւան քաղաքի բնակչուհու հետ` 2000 ԱՄՆ դոլլարով երեխայի վաճառքի շուրջ՝ վերջինիս խնամքին հանձնելու նպատակով:

Պայմանավորվածության համաձայն՝ Արարատի բնակչուհին ընդունվել է Երեւանի բուժհաստատություններից մեկը, որտեղ 2020թ. հուլիսի 8-ին ծննդաբերել է աղջիկ երեխա եւ բուժհաստատությունից դուրս գրվելուց հետո՝ 2020թ. հուլիսի 13-ին, երեխային հանձնել է գնորդին՝ Երեւանի բնակչուհուն:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ երեխային վաճառող կնոջը եւ գնորդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, Երեւանի բնակչուհու ամուսնուն  եւ բուժաշխատողներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-168-րդ հոդվածի 1-ին մասով, վերջիններս տվել են խոստովանական ցուցմունքներ:

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ՝ քրեական գործի հետագա նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությանը:

Նախաքննությունը շարունակվում է: