Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները բաց նամակով դիմել են վարչապետին


Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների բաց նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Նամակում, մասնավորապես, ասվում է. «Ամուլսարի հարակից համայնքների հազարից ավելի բնակիչներ 2020 հունիսի սկզբին նամակ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տեղեկացրել, որ Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհների շրջափակումից ի վեր շրջակա համայնքների, տարածաշրջանի բնակիչները զրկված են եկամտի աղբյուրից, համայնքները դատարկվում են։

Երկու տարի այս համայնքներում ապարդյուն սպասում են կառավարության միջամտությանը։

Բոլորը գիտեն, որ Լիդիանի գործունեությունը խոչընդոտող խումբը գործում է հակաիրավական և հակաօրինական` լուրջ վնաս պատճառելով մեր պետությանը, զրկելով երկիրը միլիոնավոր դոլարների ներդրումներից ու հարկերից, խախտելով հազարավոր քաղաքացիների աշխատելու օրինական իրավունքը։

Նամակը կառավարությանը փոխանցելուց անցել է մեկ ամսից ավել, սակայն դեռևս ոչ մի արձագանք չենք ստացել:

Այնպիսի տպավորություն է, որ մենք՝ այս համայնքերի հազարավոր բնակիչներս գոյություն չունենք և ոչ մի օրենքով պաշտպանված չենք, իսկ կառավարությունը նկատում է միայն ճանապարհ փակողների խմբին եւ արդեն երկու տարի բավարարում է նրանց մասնավոր շահերը՝ ոտնահարելով օրենքն ու մեր իրավունքները։

Կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված իրավիճակում այս համայնքներում այսօր վերացել են ապրուստի վերջին հնարավորությունները՝  փակվել է արտագնա աշխատանքի հնարավորությունը, իսկ արտագնա աշխատանքի մեկնածները փող ու հնարավրություն չունեն տուն վերադառնալու, բնակչության փոքր տոկոսի ապրուստն ապահովող տուրիզմն էլ վերացել է։

Հաշվի առնելով, որ չկա ոչ մի իրավական հիմք Ամուլսարի ծրագրի խոչընդոտման համար, տեսնելով, որ կառավարությունը լուռ ու անմասն է ժողովրդի խնդիրներից, համայնքի հազարավոր բնակիչների անունից դիմել ենք Լիդիանին, խնդրելով, թեկուզ որպես այս պայամաններում սոցիալական աջակցություն, հնարավորություն ստեղծել գոնե նվազագույն քանակի աշխատատեղերի վերականգնման, սոցիալական ծրագրերի վերսկսման համար։

Կառավարությունից մեր համայնքներում այլեւս ո'չ հաց են ուզում, ո'չ ջուր։ Մեր միակ պահանջն է՝ ապահովել օրենքի կիրառումը, ապահովել աշխատելու մեր օրինական իրավունքի համար պայմաններ։

 

Մոտ 1200 ստորագրությամբ անպատասխան նամակը ավելի քան մեկ ամիս առաջ հանձնվել է կառավարությանը»։