Ֆիլիպիններում պաշտպանիչ դիմակի վրայից նաև պաշտպանիչ էկրան կրելու պարտադիր ռեժիմ է սահմանվել


Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն մայրաքաղաք Մանիլայում կորոնավիրուսի վարակակիրների թվի ավելացման ֆոնին ընդհանուր կարանտինային ռեժիմը երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։


Նախագահը նշել է նաև, որ Սեբու քաղաքը երկու շաբաթ տևած փոփոխված կարանտինային ռեժիմից հետո անցում է կատարում ընդհանուր մեկուսացման։ Մանիլայից և Սեբուից բացի՝ Ֆիլիպինների ևս 11 քաղաք է կարանտինային ռեժիմի անցնում։


Երկրի նախագահի մամուլի քարտուղար Հարի Ռոկի խոսքով՝ ընդհանուր մեկուսացման ռեժիմի անցկացման համար որոշակի պայմաններ են գործում, ինչպիսիք են նոր վարակման օջախների վայրերում է՛լ ավելի խիստ կարանտինային ռեժիմի գործումը։


Ռոկը հավելել է, որ դիմակի վրայից պաշտպանիչ էկրան կրելը նույնպես այժմ առողջության պահպանման նվազագույն չափանիշներից է համարվում։  

«Առողջության պահպանման համար մեր նվազագույն չափանիշների շարքում ձեռքերը լվանալը, դիմակ դնելը, սոցիալական հեռավորություն պահելն են եղել, և այժմ նաև պաշտպանիչ էկրան կրելը կավելանա»,- նշել է նա։


Նշվում է, որ Մանիլայում կարանտինային ռեժիմի երկարաձգման որոշումը կայացվել է նախօրեին 3 954 նոր դեպքի հայտնաբերումից հետո․ սա հունվարի 30-ից ի վեր մեկ օրում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է համարվում։

Երկրում համավարակի սկզբից ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսով վարակման 89 374 նոր դեպք: