ՀՀ-ում և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունները հայտարարություն են տարածել


Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը և Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը դատապարտում են խաղաղ հավաքների ու ցույցերի համընդհանուր սկզբունքներին ոչ համահունչ բռնության դրսևորումները։

Այս մասին հայտարարությունը տեղադրված է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

«Միացյալ Նահանգներն ամենայն լրջությամբ է վերաբերում դիվանագիտական շինությունների պաշտպանության իր պարտավորությանը, և դրա ապահովման նպատակով մենք աշխատում ենք տվյալ վայրի իրավապահների հետ։ Խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների իրավունքը պաշտպանված են ԱՄՆ Սահմանադրությամբ, սակայն բռնության դեպքերում համարժեք արձագանք կապահովվի իրավապահների կողմից։ Բոլոր ցուցարարներին կոչ ենք անում պահպանել հավաքների խաղաղ ընթացքը և հանդես բերել զսպվածություն»-ասված է հայտարարությունում: