Եթե քայլեր չձեռնարկվեն, լուրջ հետևանքներ են լինելու. ՌԴ -ում ՀՀ դեսպանը՝ ադրբեջանցիների հարձակումների մասին


«Говорит Москва»-ի հետ զրույցում Ռուսաստանում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել է, որ բախումները նախապես պլանավորված են եղել ադրբեջանցիների կողմից:

«Մոսկվայի հարավ-արևելքում մի քանի նման դեպք է տեղի ունեցել: Շատ լավ կազմակերպված հանցախմբերը, որոնք զինված են եղել, հետապնդել են հայկական համարանիշով ավտոմեքենաները, հարձակվել մարդկանց վրա: Զոհեր չկան, սակայն կան վիրավորներ, այս պահին հայտնի է 2 հոսպիտալացվածի մասին: Մենք մեր գործողությունները համակարգում ենք իրավապահների հետ: Մեր հասարակական կազմակերպությունները ևս կապի մեջ են: Եթե քայլեր չձեռնարկվեն, լուրջ հետևանքներ են լինելու: Կա օրենք, որը պարտադիր է բոլորի համար»,-ասել է նա:

Տողանյանը կոչ է անում չկորցնել զգոնությունը, չտրվել սադրանքներին, քանի որ սա լավ կազմակերպված հայաֆոբ քաղաքականություն է, որը ներմուծվել է Ադրբեջանից:

Նա կարծում է, որ ակցիայի հետ կապ ունեն ադրբեջանական իշխանությունները:

«Կարծում եմ, որ այս ամենն առաջին հերթին կապ ունի Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվ հռետորաբանության հետ, որը նկատելի է հատկապես վերջին շրջանում: Վերջին ամիսներին նրանք իրենց բնակչությանը պատրաստում էին պատերազմին՝ պնդելով, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ միջոցը պատերազմն է: Այս հռետորաբանությունը նրանք արտահանել են նաև Ռուսաստան»,-ասել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, այս գիշեր Մոսկվայում ադրբեջանցիները հարձակվել են հայերի ու հայկական համարանիշով ավտոմեքենաների վրա: