Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի նախընտրական ելույթից հետո ցանկացել է ամուսնու համար հոգեբույժ կանչել


Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը, որը որպես անկախ թեկնածու մտադիր է մասնակցել այս աշնանը կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններին, հայտարարել է, որ օրերս Հարավային Կարոլինա նահանգում աջակիցների հետ անցկացրած նախընտրական հանրահավաքից հետո իր և կնոջ՝ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հարաբերություններում խնդիրներ են առաջացել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, Twitter-ում արված գրառումների միջոցով Ուեսթը նշել է, որ խնդիրների պատճառն իր հայտարարությունն էր այն մասին, որ տարիներ առաջ ինքն ու Քարդաշյանը պատրաստվում էին հրաժարվել առաջնեկից ու հղիության արհեստական ընդհատում անել:

Ուեսթը մի քանի տարօրինակ գրառում է արել, այնուհետև դրանց մի մասը ջնջել է:

«Քիմը փորձել է բժշկի հետ Վայոմինգ հասնել, որպեսզի ինձ փակի տակ պահի, քանի որ ես երեկ արտասվեցի՝ պատմելով դստերս փրկելու մասին»,-գրել է ռեփերը՝ նկատի ունենալով նախորդ օրվա իր հայտարարությունն այն մասին, որ Աստծո կողմից նշան ստանալու շնորհիվ որոշել է, որ Քարդաշյանը չպետք է պտղին հեռացնի:

Նա նաև հայտարարել է, որ Քարդաշյանն այլևս երբեք չի վաճառի իր աղմկահարույց սեքս տեսագրությունը, ինչպես նաև այլևս երբեք չի հայտնվի Playboy ամսագրի շապիկին:

«Ես սիրում եմ կնոջս, և ընտանիքս պետք է կողքիս ապրի, և դա չպետք է E-ն կամ NBC-ն որոշի»,-շարունակել է Ուեսթը՝ նկատի ունենալով այն հեռուստաալիքները, որոնք առնչություն ունեն Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հեռարձակման հետ:

Աղբյուրը նկատում է, որ Ուեսթի տարօրինակ վարքի ֆոնին ակտիվացել են տեղեկություններն առ այն, որ Քարդաշյանը մտադիր է ամուսնալուծվել, եթե ռեփերը չդադարեցնի մասնակցությունը նախագահական ընտրապայքարին: