Խոշոր և ողբերգական ավտովթար․ կա 1 զոհ, 2 վիրավոր


Այսօր՝ օգոստոսի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում Մասիս-Սայաթ-Նովա գյուղամիջյան ճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Opel և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com կայքից։


Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։


Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մասիսի հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։


Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: