Եթե դպրոցում կորոնավիրուսի դեպքերը լինեն 10 տոկոսից ավելի, այն որոշ ժամանակով կփակվի. փոխնախարար

Մինչեւ 20 աշակերտ ունեցող դասարանների պարագայում ուսումնական գործընթացն իրականացվելու է պահպանելով հակահամաճարակային կանոնները, իսկ եթե կա ավելի քան 20 աշակերտ, դասարանները կկիսվեն խմբերի, դպրոց կհաճախեն հերթականությամբ՝ շաբաթական՝ 3 օր: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ դա կօգնի նվազեցնել շփման ինտենսիվությունը:

Նրա խոսքով, դպրոցում պետք է ամեն օր պարտադիր ախտահանում լինի, իսկ եթե դպրոցում կլինի երկրորդ հերթ, ախտահանում կլինի երկու անգամ: Նման դպրոցներում, ըստ փոխնախարարի, ուսուցիչները հավելյալ շխատանքի համար պետք է ապահովվեն լրացուցիչ վարձատրությամբ:

Սահմանված են ամեն դասարանում օդափոխության կանոնները:

Կանոններ կան նաեւ դպրոցներում կորոնավիրուսի հայտնաբերման եւ այդ դեպքում հաջորդ քայլերի մասին. «Եթե դպրոցում դեպքերը լինեն 10 տոկոս եւ ավելին, ապա դպրոցի հետագա գործունեության հարցը կդրվի, այդ դպրոցները որոշ ժամանակով չեն գործի: Այսինքն, լինելու են առանձին մոտեցումներ»,-ասաց փոխնախարարը:

Նախատեսված է նաեւ թեստավորման գործընթաց դպրոցի աշխատակազմի համար, որի մասով ուղեցույցը կհրապարակի ԱՆ-ն:

Ռիսկի խմբում գտնվող սովորողի համար նախատեսվում է կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպում, եթե առկա ուսուցումը ցուցված չի լինի: Դրա համար ծնողը պետք է դիմում ներկայացնի, ինչը պետք է ամրապնդված լինի բժշկի ցուցմամբ:

Ռիսկի խմբում գտնվող ուսուցիչները կունենան ընտրության հնարավորություն. «Նրանց առաջարկվել է դպրոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը: Նրանք կարող են ընտրել հեռավար ուսուցում կազմակերպելու եղանակը, եթե դպրոցը կարողանա ապահովել այդ պայմանները: Երրորդ տարբերակն այն է, որ ուսուցիչները կարող են ընտրել աշխատանքի չներկայանալու տարբերակը, որի դեպքում նրանց կփոխարինեն ուրիշները»:

Փոխնախարարն ասաց, որ հնարավոր թվի ու փոխարինողների մասով պատկերացում ունեն ու կարող են գործընթացն իրականացնել: