Կասեցվել է 120 մարդու մասնակցությամբ միջոցառում կազմակերպած տնտեսավարողի գործունեությունը

 

Երկու օր առաջ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչների կողմից արձանագրվել էր ՀՀ պարետի որոշմամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտում. Երեւանում գործող «Ոսկե Համբույր» ռեստորանում կազմակերպվել էր հարսանիք՝ 120 մարդու մասնակցությամբ:

Արդյունքում՝ նաեւ ՀՀ ոստիկանությունը տնտեսավարողին ենթարկել էր վարչական պատախանատվության, հարսանիքի մասնակիցների քանակը նվազեցվել էր մինչեւ 40 անձ, իսկ այսօր այդ հանրային սննդի կազմակերպության գործունեությունը կասեցվել է 48 ժամով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կառավարությունը։

Հիշեցնենք, որ ընտանեկան արարողությունները եւ ժամանցային բնույթի միջոցառումները կարող են կազմակերպվել եւ անցկացվել թե՛ բաց, թե՛ փակ տարածքներում, բայց ոչ ավելի, քան 40 մասնակցով՝ պահպանելով պարետի կողմից սահմանված անվտանգության կանոնները:

Պարետի որոշումների կատարման նկատմամբ իրականացվող ՍԱՏՄ վերահսկողությունը սննդի շղթայի կազմակերպություններում այժմ առավել թիրախային է. այսօր խախտումներ են արձանագրվել Երեւանում դիտարկված սննդի շղթայի օբյեկտներից մեկում: Թերացումներ հայտնաբերվել են նաեւ մարզային ստուգայցերի ժամանակ: Գրեթե բոլոր տեղերում ոչ պատշաճ են վարել ախտահանման կամ ջերմաչափման գրանցմատյանը, մի քանիսում բացակայել է փակ աղբամանը դիմակների համար, եղել են նաեւ աշխատակիցների կողմից դիմակները ոչ պատշաճ կրելու դեպքեր: 

ՍԱՏՄ տեսուչները արձանագրել են բոլոր խախտումները, որոնք կներկայացվեն պարետատուն:

ՍԱՏՄ-ն հիշեցնում է, որ անվտանգության կանոններից ամենաչնչին շեղումն իսկ մեծացնում է կորոնավիրուսով վարակվելու ռիսկերը: Տեսուչները կշարունակեն խորհուրդներով ու ցուցումներով աջակցել տնտեսավարողներին եւ առաջիկա վերահսկողության հիմնական խնդիրը կլինի հետեւել կարգազանցության նվազման արձանագրված դինամիկայի պահպանմանը: