Հղկիչը (բալգարկա) գործարկելիս կոտրվել ու հայտնվել է 15-ամյա տղայի գլխում


«Սուրբ Աստվածամայր» բկ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Սուրբ Աստվածամայր» բկ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը:

«Տղան վիրահատվել է, օտար մարմինը հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր»,- գրել է Դերձյանը: