19-ամյա վարորդը վթարի է ենթարկվել. գիտակցության չգալով մահացել է հիվանդանոցում


Օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:30-ի սահմաններում Մեծ Պարնի համայնքից Ծաղկաբեր համայնք տանող ավտոճանապարհին Մեծ Պարնի գյուղի բնակիչ, 19-ամյա Հովնան Ավալյանը իր վարած Volkswagen մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել, տեղեկացնում է shamshyan.com–ը:


Վթարի հետևանքով Հ. Ավալյանն ու ուղևոր, նույն գյուղի բնակիչ, 18-ամյա Սամվել Ավալյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, ժամը 19:45-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Սպիտակի բաժին, որ հիվանդանոց տեղափոխված Հ. Ավալյանը գիտակցության չգալով ՝ մահացել է:

Կայքի տեղեկություններով՝ ճանապարհային ոստիկանները, Սպիտակի ոստիկաններն ու քննիչները ստացված օպերատիվ տվյալներով են հայտնաբերել ավտոմեքենան, քանի որ վթարից հետո այն հեռացրել էին դեպքի վայրից, իսկ մահացածն ու վիրավորը հարազատ եղբայրներ են: