Թույլատրվում է մինչև 40 հոգուց բաղկացած ընտանեկան միջոցառումների կազմակերպումը

Մենք գործնականում հավաքների ազատության հետ կապված բոլոր սահմանափակումները հանում ենք, բայց պետք է հակահամաճարակային կանոնները պահպանվեն: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հավաքների ժամանակ պետք է կրել դիմակ ու պահպանել առնվազն 1,5 մետր հեռավորություն:

«Այսինքն, Հայաստանում կարող են տեղի ունենալ ցույցեր, երթեր, հանրահավաքներ, պայմանով, որ մասնակիցները կլինեն դիմակով ու 1,5 մետր սոցիալական հեռավորություն կպահպանեն:

Սահմանափակումը բխել է համաճարակային իրավիճակից, սահմանափակման հանումն էլ է կապված դրա հետ: Բայց ես էլի ասում եմ, եթե հանկարծ Աստված չանի, այս թուլացումների արդյունքում թվերի բարձրացում ունենանք, ստիպված կլինենք սահմանափակումներ մտցնել: Մենք որոշումներ կայացնելիս ելնում ենք համաճարակային իրավիճակի վերլուծումից»,-ասաց վարչապետը:

Ինչպես նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, մեղմացվում են ընտանեկան արարողությունների և ժամանցային բնույթի միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները՝ թույլատրելով դրանք թե բաց, թե փակ տարածքներում, բայց ոչ ավել, քան՝ 40 մասնակցով ու պետք է պահպանվեն պարետի կողմից սահմանված կանոնները: