Օրական դեպքերի թիվը 50-ից 100-ով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթվա արձանագրված դեպքերը. Թորոսյան


Երեկվա դրությամբ հաստատված նոր 201 դեպք ունենք, կատարված 1710 հետազոտությունից, ինչը տեղավորվում է այն նույն միտման շրջանակներում, որի մասին մենք վերջին մի քանի շաբաթներին խոսում ենք։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, Կառավարության նիստում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Այսինքն՝ յուրաքանչյուր հաջորդ շաբաթ օրական արձանագրված դեպքերի թիվը մոտավորապես 50-ից 100-ով ավելի ցածր է, քան նախորդ շաբաթ այդ օրն արձանագրված դեպքերը։ Այն տրամաբանությունը որ մենք նշում ենք՝ ռեալ հնարավարություն ունենք այս թվերն իջեցնելու մնում է ուժի մեջ։ Դրանից բխող ունենք նաեւ բավական թեթեւ վիճակ հիվանդանոցային համակարգում՝ կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող։ Ունենք իջած թվեր՝ ծանր եւ ծայրահեղ ծանր պացիենտներ, որը տատանվում է 300-ի շրջանակներում, այս իջեցման միտումը նույնպես պահպանվում է։ Ռեանիմացիոն հիվանդները շատ երկար են պառկում ռեանիմացիաներում»,- ասաց նախարարը։