Ֆրիկի փողոցում ենթադրյալ բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ միջադեպ է գրանցվել


Տեղեկություններ էին տարածվում, որ ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի մասնակցությամբ զենքի գործադրմամբ միջադեպ է գրանցվել Ֆրիկի փողոցում, ինչի վերաբերյալ Tert.am-ը պարզաբանում է խնդրել ՀՀ գլխավոր դատախազի ԶԼՄ-ների գծով խորհրդական Գոռ Աբրահամյանից:

Վերջինս հայտնել է, որ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2020թ. օգոստոսի 4-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ֆրիկի 15 հասցեի մոտակայքում մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, վիճաբանել են միմյանց հետ, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից՝ դեռևս չպարզված անձը, իր մոտ եղած ատրճանակից արձակել է կրակոց։

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերով առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Ոստիկանության Կենտրոնական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Հաշվի առնելով, որ դեպքն ենթադրյալ առնչություն ունի բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործը քննչական ենթակայության կարգով ուղարկել է ՀՀ ՀՔԾ՝ նախաքննություն կատարելու համար»,-ասել է Գոռ Աբրահամյանը: