Հայտնի է թե ինչի համար են բախվել հայերն ու ադրբեջանցիները՝ Վրաստանում. մանրամասներ

 

Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Թորիա գյուղում ապրող հայերի և ադրբեջանցիների միջև բախում է տեղի ունեցել կենցաղային հողի վրա: Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Նինոծմինդայի շրջանի սակրեբուլոյի անդամ Սմբատ Կյուրեղյանը` նշելով, որ բերման ենթարկվածներն արդեն ազատ են արձակվել։

Վրաստանում բնակվող հայերի և ադրբեջանցիների միջև ծեծկռտուքը տեղի է ունեցել կիրակի ՝ օգոստոսի 23-ին։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ադրբեջանցի հովիվներն անցել են Թորիա գյուղի տարածք, որտեղ հայերը ոչխարներ են արածեցրել ։ Գյուղացիները քշել են անասուններին, ինչից հետո քաշքշուկ է սկսվել։

«Ինչպես նման դեպքերում է լինում, վեճ է սկսվել, բայց ոչ թե ազգային, այլ կենցաղային հողի վրա», - ասաց Կյուրեղյանը:

Նրա խոսքով ՝ այս հարցը քաղաքական ենթատեքստ չունի, գյուղում նման բան հաճախ է տեղի ունենում, և սա գյուղացիների համար սովորական միջադեպ է։ Ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Վրաստանի Քրեական օրենսգրքի 126-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «գ» ենթակետերով ու 225-րդ հոդվածի երկրորդ մասով (խմբակային բռնության կազմակերպում և մասնակցություն):