Տիխանովսկայան Բելառուսի նախագահի թեկնածու տեսնում է իր ամուսնուն

 

Բելառուսի նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավոր մրցակից Սվետլանա Տիխանովսկայան շարունակում է գտնվել Լիտվայում։ TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Տիխանովսկայան հարցազրույց է տվել լեհական Gazeta Wyborcza պարբերականին։

Սվետլանա Տիխանովսկայան հայտարարել է, որ նոր ընտրությունների նշանակման պարագայում իր թեկնածությունը չի առաջադրի։ Նրա կարծիքով` թեկնածու կարող է դառնալ իր ամուսինը՝ վիդեոբլոգեր Սերգեյ Տիխանովսկին։

«Հենց այդ պատճառով էլ մենք ձգտում ենք նոր ընտրությունների կազմակերպման։ Գլխավոր պահանջը քաղբանտարկյալների ազատ արձակումն է։ Նրանց շարքում է նաև իմ ամուսինը։ Քաղաքական բանտարկյալ է նաև Վիկտոր Բաբարիկոն։ Նա, հնարավոր է, նույնպես առաջադրի իր թեկնածությունը»,- ասել է Տիխանովսկայան։

Իսկ իր առաջադրման մասին Սվետլանա Տիխանովսկայան ասել է հետևյալը

«Բավական է այս քաղաքականությունը։ Ես երբեք չէի պատրաստվում լինել այնտեղ, որտեղ հայտնվել եմ։ Այսօր այս գործունեությունը պարզապես իմ պարտականությունն է, բայց քաղաքականությունն ինձ համար չէ»։

Տիխանովսկայան հավելել է, որ կցանկանար աշխատել մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններում։

Նշենք, որ ի սկզբանե Տիխանովսկիների ընտանիքից ընտրություններին պետք է մասնակցեր ամուսինը։ Սվետլանա Տիխանովսկայան ընտրություններին մասնակցելու որոշում էր կայացրել, քանի որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրաժարվել էր գրանցել նրա ամուսնու թեկնածությունը: