«Արթիկ» ՔԿՀ-ում և՞ս բռնություն է գործադրվել

Կդիմեմ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Արթիկ ՔԿՀ արագ արձագանքման խումբ ուղարկելու նպատակով։ Այս մասինն ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։


Սամսոնյանի գրառումը՝ ստորև․


«Հայտնի է, որ նախորդ օրը ահազանգ հնչեց այն մասին, որ Նուբարաշեն ՔՀԿ-ում դիմակավորված անձինք ներխուժել են դատապարտյալների խուցը և կիրառել ֆիզիկական բռնություն ։ Արդարադատության նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ «Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով»:

Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը առանձնազրույցներ է ունեցել դատապարտյալների հետ և նշել, որ «Այցի ընթացքում արձանագրվել են այնպիսի տեղեկություններ, որոնք ենթակա են ստուգման Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում»:

Տարբեր աղբյուրներից ինձ փոխանցել են նաև, որ դա միակ դեպքը չի եղել։ Նմանատիպ դեպք տեղի է ունեցել նաև Արթիկ ՔԿՀ-ում, որի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը ևս պիտի տա պարզաբանումներ ներկայացնի։

Կդիմեմ նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ Արթիկ ՔԿՀ ևս արագ արձագանքման խումբ ուղարկելու նպատակով»: