Աշակերտների դիմակների կրման հետ կապված հնարավոր է փոփոխություն լինի. փոխնախարար

 

«Երեխաները սկսում են դպրոց գնալ կամ 6 տարեկանը լրացած, կամ մինչև դեպկտեմբերի 31-ը 6-ը լրանալու պարագայում, և Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղեցույցի համաձայն, դիմակների կրման պահանջի արգելքը նշվում է մինչև 5 տարեկան երեխաների համար։ Այսինքն առողջապահական նման ցուցում, որ երեխաներին 6 տարեկանից սկսած չի կարելի դիմակ դնել՝ չկա» այս մասին՝ դպրոցներում տարրական դասարանների աշակերտների դիմակներ կրելու հետ կապված, այսօր՝ օգոստոսի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։

Փոխնախարարի խոսքով, դիմակների կրման հետ կապված քննարկում է գնում հիմա։

«Անցում ենք կատարում 6-օրյա ռեժիմի, որը թույլ է տալիս կրճատել ամեն օր դպրոցում գտնվելու տևողությունը նաև այս տեսանկյունից։ Սա նշանակում է, որ ցածր տարիքի աշակերտները դպրոցում կարող են գտնվել 2,4 ժամ, ինչը, չեմ կարծում, որ շատ մեծ ժամանակահատված է հատկապես՝ հաշվի առնելով ընթացքում դասամիջոցների առկայությունը»,-ասաց Ժաննա Անդրեասյանը։ Անդրադառնալով նաև այն կանոնին, որ դասամիջոցներին աշակերտները դուրս չեն գալու դասասենյակից, նա նշեց, որ դա արվում է դպրոցում վարակի տարածումը մաքսիմում չտարածելու համար։

«10 տոկոս և ավելի դեպքերում նախատեսվում է, որ դպրոցը չի գործի։ Դպրոցի գործունեությունը որոշակի ժամանակով կդադարեցվի և այսպիսի ռիսկի լոկալիզացիան, տեղայնացումը բխում է առաջին հերթին կրթության շարունակականությունն ապահովելու հանգամանքից»,-ասաց փոխնախարարը։

Գրատախտակին մոտ գալը ևս չի թույլատրվի։ Այս դեպքում երեխան վերցնում է կավիճը, բարձիկը և այլն, որն էլ էլի վարակի տարածման ռիսկի մեծացում է։

Ժաննա Անդրեասյանը նաև նշվեց, որ տարբեր առաջարկություններ ունեն դիմակների կրման հետ կապված և մինչև սեպտեմբերի 15-ը հնարավոր է լինեն որոշակի փոփոխություններ։