Ձեր պահանջն արդար է. Իմքայլական պատգամավորը՝ Ամուլսարի մոտ ակցիա անողներին

Մեկ տարի անց կրկին նույն հարցի շուրջ է պայքարը ...

Այն դեպքում, որ այսօր արտակարգ դրություն է և որևէ հավաքներ կամ ակցիաներ չպիտի թույլատրվի, այնուամենայնիվ այսօր Վայոց Ձորի մարզում իրավիճակը լարված է, որն անթույլատրելի է :

Ամենահեշտ մոտեցմամբ կարելի է մեղադրել խաղաղ բնակչին, ով իր համար իր տանը նստած էր և պարզապես անդորրը խաթարվեց՝ հերթական անգամ սպառնալով բնությանն ու մարդկությանը:

Ինչո՞ւ հենց այս օրերին փոխվեց պահնորդական խումբը , ինչո՞ւ համաճարակային իրավիճակը անտեսվեց «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից, Ինչո՞ւ է կատարվում գործողություններ, որոնք անտեսում են նախնական պայմանավորվածությունները: Ինչո՞ւ, Ինչո՞ւ և այդպես մի շարք ինչունե՞ր :

Անթույլատրելի եմ համարում այս հրահրող գործողությունները և կոչ եմ անում բոլոր ներգրավված կողմերին՝ անկախ հետաքրքրություններից, դադարեցնե՛ն սադրիչ գործողությունները և հաշվի նստեն երկրում տիրող իրավիճակի հետ: Այս վերաբերմունքը դասական օրինախախտում է, որը պետք է ունենա իր գնահատականը իրավապահ մարմինների կողմից: Մշտապես ամենահեշտ մոտեցումն է եղել մեղադրել խաղաղ բնակչին, սակայն այսօր դա գրեթե անհնար է և անգամ փորձ չանեք գնալու այդ դաշտ:

Մեր երկրում ամեն մեկը հողի պաշտպան է, ուստի մի՛ զարմացեք, որ այսօր շատերը ոտքի են կանգնել և փորձում են պաշտպանել իրենց ժառանգությունը:

Հարգելի ոստիկաններ, կոչ եմ անում առավելագույն պաշտպանել օրենքը և անհարկի չթիրախավորել պայքարողներին:

Հարգելիներս, ինձ հետ բոլոր ժամանակներում հանուն երկրի ու արդարության պայքարող ընկերներ ջան, ցավում եմ, որ ես այդտեղ չեմ, խնդրում և հորդորում եմ չտրվել հրահրումներին, քանի որ ձեր պահանջն արդար է:

Հարգելի լրագրողներ, ներողություն եմ խնդրում, որ այս օրերին չեմ կարողանում ձեր հետ հաղորդակցվել և խնդրում եմ չդիտարկել որպես անտեսում, այլ հարգելի պատճառ: Կհանդիպենք:

Հարգանքով՝ Սոֆյա Հովսեփյան