Շաբաթ օրը Հայաստանից օդանավ կթռչի Բեյրութ


Սփուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայկական օգնությունը Լիբանան հասցնող ինքնաթիռով կմեկնի Բեյրութ՝ մեր հայրենակիցների կարիքները տեղում գնահատելու համար՝ Կառավարության այսօրվա նիստին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հայտնեց, որ արդեն իսկ նախապատրաստական աշխատանքներ են տարվում, և այսօր երեկոյան կամբողջացվի ծրագիրը: Քննարկվում են ինքնաթիռի մի քանի տարբերակներ: Օգնության չափաքանակն ու տեսակը ամենայն հավանականությամբ պարզ կլինի այսօր երեկոյան՝ նշեց Ավինյանը:


«Ենթադրում ենք, որ թռիչքը տեղի է ունենալու շաբաթ և մի քանի տարբերակներ, որոնք այս պահին քննարկվում են մեր գրասենյակում, կարծում եմ՝ օրվա վերջում արդեն վերջնականացված կլինեն, և շաբաթ օրը թռիչքը կկազմակերպվի»,- նշեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: