«Համավարակի հետևանքները զգացվելու են տասնամյակներ շարունակ»․ ԱՀԿ ղեկավար


Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակի հետևանքնեը տասնամյակներ շարունակ զգացվելու են, գրում է bbc.com կայքը։

Աղբյուրը մանրամասնում է, որ աշխարհի մի շարք երկրներում կորոնավիրուսի տարածման ռեկորդային տեմպեր են գրանցվել․ այսպես՝ համավարակի դեմ պայքարի համար Անգլիայի հյուսիսային հատվածում բրիտանական կառավարությունը հանկարծակի կարանտինային ռեժիմ է սահմանել՝ որը ավելի քան 4 միլիոն մարդու վրա է «տարածվելու»։ Նշվում է, որ հիմնականում Մանչեսթրի և դրա հարակից շրջաններում մարդկանց արգելվում է անգամ այգիներում հանդիպել։  

Հիվանդության տարածման տեմպերի ռեկորդային աճ է գրանցվում նաև Ֆիլիպիններում, Լեհաստանում, Ճապոնիայում, Հնդկաստանում, Վիետնամում։

«Համավարակն առողջապահության ոլորտում այնպիսի մի ճգնաժամ է, որը հարյուրամյակը մեկ է տեղի ունենում և դրա հետևանքները տասնամյակներ շարունակ զգացվում են»,- հայտարարել է Գեբրեյսուսը՝ ԱՀԿ հանձնաժողովի նիստի ժամանակ խոսելով համավարակի հետևանքների մասին։

Վերջին տեղեկությունների համաձայն՝ աշխարհում ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 17,7 միլիոն դեպք, որից 683 389-ը՝ մահվան ելքով: