Չեմ հիշում Ամուլսարի հետ կապված որևէ խոստում, որ տվել և չենք կատարել. Ավինյան

ԱԺ հատուկ նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը դիմեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանին՝ հետաքրքրվելով՝ ինչ կարող է ասել Ամուլսարի խնդրով Կառավարության տված խոստումներին սպասող քաղաքացիներին: 

 

«Եթե մենք որևէ խոստում ենք տվել, որ չենք իրականացրել, կխնդրեմ շատ ավելի հասցեական ու կոնկրետ ասել: Ես չեմ հիշում որևէ խոստում, որը մենք տվել ու չենք կատարել նույն Ամուլսարի հետ կապված: Այս խնդիրը բազմաթիվ շերտեր ուներ, և կարծում եմ՝ մեր արած նախկին հայտարարություններն ուժի մեջ են և ընդհանուր առմամբ այն պահանջների հետ կապված, որոնք անում են բնապահպան մեր գործընկերները, և այն պահանջները, որ «Լիդիանն» էր բարձրաձայնում Կառավարության նկատամամբ:

 

Կարծում եմ՝ ընդհանուր առմամբ բոլոր հարցերը, որոնք հետագայում կքննարկվեն թե՛ շմագի, թե՛ պահնորդական ծառայության լիցենզիայից զրկելու հետ կապված, համապատասխանաբար օրենքի և Կառավարության որոշումների ընթացակարգերով պետք է իրականացվեն: Եթե շմագը չի համապատասխանում բոլոր այն պայմաններին, որոնցով պետք է անցներ, ուրեմն պետք է չեղարկվի, եթե համապատասխանում է, խնդիր չկա: Եթե լիզենցիայից զրկելու հիմքեր կան, ապա համապատասխան գերատեսչությունը պետք է դա անի»,- նշեց Ավինյանը: