Դիմակավորված անձինք ներխուժել են խուց և «սպանում են». Նուբարաշեն ՔԿՀ-ում լարված վիճակ է

 

Արդարադատության նախարարության մամլո խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ի գիտություն այս հարցով հետաքրքրվողների. 

Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով:

Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջացառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները:

Պետք է նկատի ունենալ նաև, որ գործող օրենսդրական կարգավորումներով քրեակատարողական ծառայողներն իրավասու են օրինական պահանջները չկատարելու կամ խոչընդոտելու դեպքերում գործադրել նաև ֆիզիկական համաչափ ուժ և հատուկ միջոցներ»:

Ավելի վաղ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր.

«Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ դիմակավորված անձինք ներխուժել են Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկի խուց և ահազանգը փոխանցողի խոսքերով՝ «սպանում են»: Տվյալ դատապարտյալին վերջերս են Արմավիր ՔԿՀ-ից տեղափոխել Նուբարաշեն: Ըստ ահազանգի, դիմակավորները սպանում են նաև այլ դատապարտյալների: Հրավիրում եմ պատկան մարմինների և դիտորդական խմբի ուշադրությունը խնդրին, ինչպես նաև Պաշտպանի գրասենյակի թեժ գծին շտապ միջոցներ ձեռնարկել կամ այցելել: Ասեմ նաև, որ ՔԿՀ-ներում բռնությունների մասին ահազանգերը վերջին շրջանում հաճախակի են դարձել: Պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ անմարդկային մեթոդներով»: