«Սպանում են». Ի՞նչ է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում

 

Նախօրեին մամուլում լուրեր տարածվեցին, որ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների կողմից:

Ավելի ուշ Արդարադատության նախարարության խոսնակ Լուսինե Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում մեկնաբանեց լուրը՝ նշելով. ««Ի գիտություն այս հարցով հետաքրքրվողների.

Քրեակատարողական հիմնարկներում, օրենքով սահմանված կարգով, պարբերաբար իրականացվում են չնախատեսված խուզարկություններ՝ խցերում արգելված իրեր և առարկաներ հայտնաբերելու նպատակով:

Ներքին կանոնակարգի պահանջների կոպիտ խախտումները բացառելու նպատակով, ըստ անհրաժեշտության, միջացառումներին ներգրավվում են նաև կենտրոնական մարմնի տարբեր ստորաբաժանումների, այդ թվում՝ հատուկ նշանակության բաժնի ծառայողները»:

Իր հերթին, Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն է արագ արձագանքման խումբ ուղարկել «Նուբարաշեն» ՔԿՀ:

ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Ժամը 18:30-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պատժախցում օգոստոսի 23-ի առավոտյան դատապարտյալ է ծեծի ենթարկվել քրեակատարողական ծառայողների կողմից:

Դրանից անմիջապես հետո, նույն հարցով ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ քրեակատարողական ծառայողները եղել են դիմակով և գործել են խցում խուզարկություն կատարելու շրջանակում:

Ահազանգի հիման վրա իրականացվել է արագ արձագանքման այց «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այցի ընթացքում պարզվել է, որ ահազանգով նկարագրված դեպքի պահին պատժախցում գտնվել է ազատազրկված 3 անձ:

Նրանցից բոլորի հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ: Ազատազրկվածներից մեկը առանձնազրույցի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանին է փոխանցել գրավոր դիմում տեղի ունեցածի վերաբերյալ:

Արագ արձագանքման այցի ընթացքում տեղի են ունեցել նաև անհրաժեշտ ուսումնասիրություններ:

Այցն ավարտվել է ժամը 21:30-ի սահմաններում, իսկ արդյունքները քիչ առաջ են ամփոփվել Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում:

Այցի ընթացքում արձանագրվել են այնպիսի տեղեկություններ, որոնք ենթակա են ստուգման Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված ընթացակարգի շրջանակներում:

Արագ արձագանքման այցի արդյունքների և Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրած գրավոր դիմումի հիման վրա վաղն առավոտյան Գլխավոր դատախազություն կուղարկվի համապատասխան գրություն, այդ թվում՝ կապված Պաշտպանի աշխատակազմի արձանագրած տեղեկությունները քրեական վարույթի շրջանակում ստուգելու հետ:

Եվս մեկ գրություն կուղարկվի նաև Արդարադատության նախարարություն»:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը եւս անդրադարձել է այս թեմային՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.

«Քիչ առաջ տեղեկություն ստացա, որ դիմակավորված անձինք ներխուժել են Նուբարաշեն ՔԿՀ-ում պահվող դատապարտյալներից մեկի խուց և ահազանգը փոխանցողի խոսքերով՝ «սպանում են»: Տվյալ դատապարտյալին վերջերս են Արմավիր ՔԿՀ-ից տեղափոխել Նուբարաշեն: Ըստ ահազանգի, դիմակավորները սպանում են նաև այլ դատապարտյալների: Հրավիրում եմ պատկան մարմինների և դիտորդական խմբի ուշադրությունը խնդրին, ինչպես նաև Պաշտպանի գրասենյակի թեժ գծին շտապ միջոցներ ձեռնարկել կամ այցելել: Ասեմ նաև, որ ՔԿՀ-ներում բռնությունների մասին ահազանգերը վերջին շրջանում հաճախակի են դարձել: Պայքարում են քրեական ենթամշակույթի դեմ անմարդկային մեթոդներով»: