Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի խոսակցության գաղտնալսման գործը բացահայտված է․ Արսեն Բաբայան

 

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԱԾ նախկին պետ, այժմ՝ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի խոսակցության գաղտնալսման վերաբերյալ պատգամավոր Վահե Ղալումյանի դիտարկումներին։ Նա մասնավորապես նշել է, որ գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է, բացահայտել է հենց Արթուր Վանեցյանը և հորդորել է իշխանության ներկայացուցիչներին չչարաշահել իրենց պարկեշտությունն ու լռություն պահպանելու որոշումը։ Գրառումը՝ ստորև․

«Նիկոլի սանիկ (կամ քավոր), համատեղությամբ պատգամավոր Վահե Ղալումյանը, հարցազրույցում խոսելով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի մասին, ի թիվս բազմաթիվ անհեթեթությունների նաև հայտնել է, թե «Ես Վանեցյանի պաշտոնավարման ընթացքում ամենաընդգծված փաստերից մեկը վարչապետի եւ իր խոսակցության հրապարակումն եմ հիշում, որը համոզված չեմ, որ գաղտնալսում է եղել, շատ հնարավոր է, որ ձայնագրություն է եղել Վանեցյանի կողմից, որը հետագայում հրապարակել է»։

Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որ հայտնի գաղտնալսման մասին բացեմ որոշ փակագծեր։

Անհայտ և անօգուտ զբաղմունք ունեցող Վահե Ղալումյանին հորդորում եմ գնալ ու իր քավորին (կամ սանիկին) հարցնել՝ «Նիկոլ Վովայի ջան, այդ հայտնի գաղտնալսման պատմության մանրամասների մասին, որը, քննչական կոմիտեի հայտարարության համաձայն, ամբողջությամբ բացահայտված է, ինչու՞ չեք բարձրաձայնում։ Քավո՛ր ջան, Վանեցյանը, որ էթիկայից ելնելով՝ չի ցանկանում մանրամասն տեղեկություններ հայտնել, բացահայտել ամբողջ իրողությունը, բա դո՞ւք ինչու չեք ուզում դրա մանրամասների մասին խոսել։ Բա ամոթ չի՞, որ չեք խոսում դրա մասին։ Կարո՞ղ է չեք խոսում դրա մասին, որ անամոթաբար շահարկեք թեման…»։

Իսկ ժողովրդին տեղեկացնում եմ, որ գաղտնալսման գործն ամբողջությամբ բացահայտված է։ Բացահայտել է ինքը՝ Արթուր Վանեցյանը, դեռևս ԱԱԾ տնօրեն աշխատելու ժամանակ։ Իսկ իշխանությանը հորդորում եմ հանրությունից չթաքցնել տեղեկությունը և մանրամասն խոսել դրա մասին։
Մի՛ չարաշահեք մեր պարկեշտությունը, էթիկան չխախտելու մեր լուռ որոշումը…»: