Երկրի իշխանությունները հրաժարվել են Բեյրութում պայթյունի պատճառների միջազգային հետաքննությունից


Լիբանանի իշխանությունները անհրաժեշտ չեն համարում միջազգային փորձագետների մասնակցությունը Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետքաննությանը: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով լիբանանյան հեռուստաալիքին, այս մասին չորեքշաբթի հայտարարել է երկրի ՆԳ նախարար Մուհամեդ Ֆահմին:

«Մենք միջազգային փորձագետների կարիք չունենք Բեյրութում տեղի ունեցած պայթյունի հետաքննության համար, մեր քննիչներն ունեն բոլոր իրավասությունները»,- ասել է նախարարը:

Հաղորդվում է նաև, որ կառավարությունն այսօր որոշել է տնային կալանք սահմանել նավահանգստի ղեկավարության բոլոր ներկայացուցիչների նկատմամբ, քանի դեռ չի պարզվել առանձին պաշտոնյաների պատասխանատվության հարցը: Իշխանությունները խոստացել են կատարվածի բոլոր հանգամանքները պարզել հինգ օրում:

Հիշեցնենք, որ հետաքննության նախնական վարկածով՝ պայթյունը նավահանգստի պահեստներում տեղի է ունեցել անփութության պատճառով: Ղեկավարությունը տեղյակ է եղել այնտեղ պահվող նյութերի վտանգավորության մասին և քայլեր չի ձեռնարկել դրանք տեղափոխելու համար: