Կորոնավիրուսի դեմ պայքարում մարտավարությունը փոխվում է. Նիկոլ Փաշինյան


Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը Հայաստանում շարունակաբար թուլանում է, սակայն ամենօրյա նոր դեպքերի բացարձակ թվերը շարունակում են բարձր մնալ: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքերով, հիմա վստահելիություն կա, որ դեպքերի հայտնաբերելիությունը բարձրացել է. «Եթե նախկինում մեր նոր դրական դեպքերը հասնում էին օրվա կտրվածքով արված թեստերի 25-30 տոկոսի մակարդակի, հիմա տատանվում է 15 տոկոսի մոտակայքում: Սա նշանակում է, որ մենք հայտնաբերելիության էական աճ ունենք»:

Փաշինյանն ասաց, որ արդյունքում մարտավարության որոշակի փոփոխության հնարավորություն ենք ստացել. «Եթե նախկինում հոսքերը մեծ էին ու մենք պասիվ սպասում էինք, որպեսզի մարդիկ իրենք դիմեն, հիմա մարտավարության փոփոխություն է տեղի ունենում, և ԱՆ-ն ավելի նախաձեռնող կլինի:

Մենք սեփական նախաձեռնությամբ կգնանք ռիսկային տեղեր, գործարաններ և այլն ու ախտորոշում կիրականացնենք։ Սա թույլ կտա ի վերջո հաղթահարել համաճարակը»: