«Բելառուսում խաղաղ հեղափոխություն է տեղի ունենում»․ Տիխանովսկայան ելույթ է ունեցել Եվրախորհրդարանում

Բելառուսում նախագահական ընտրություններն անցկացվել են հազարավոր խախտումներով, իսկ դրանց պաշտոնական արդյունքները չեն ընդունվել բելառուս ժողովրդի կողմից: Նման հայտարարությամբ է հանդես եկել բելառուսական ընդդիմության առաջնորդ Սվետլանա Տիխանովսկայան տեսակապի միջոցով Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի արտահերթ նիստում, որը գումարվել է օգոստոսի 9-ի ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ 


Նա նշել է, որ ընտրություններից հետո հազարավոր բելառուսներ դուրս են եկել աննախադեպ մասշտաբի հասնող բողոքի խաղաղ ցույցերի: Երկրի իշխանությունները, ըստ Տիխանովսկայայի, դրան պատասխանել են բռնություններով:


Տիխանովսկայան հայտարարել է նաև, որ Բելառուսում «խաղաղ հեղափոխություն» է տեղի ունենում, և կոչ է արել Եվրամիությանը և աշխարհի բոլոր երկրներին հարգել իրենց հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ 


Նա նաև խոսել է բելառուսական ընդդիմության նպատակի մասին, այն է՝ խաղաղ երկխոսության միջոցով նոր ընտրությունների հասնելը։