Գորշ արջի քոթոթի սպանության վերաբերյալ գրություններ կուղարկվի ոստիկանություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի հրատապ հանձնարարականով Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՇՄ նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը:

«ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջի ձագի սպանության վերաբերյալ տեսանյութ։ Համապատասխան գրություններ կուղարկվեն ՀՀ ոստիկանություն և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին` դեպքը մանրամասն ուսումնասիրելու և հանգամանքները պարզելու համար։ Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում» գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է, կենսաբազմազանության պահպանության կարևորագույն օղակը։ Առավել քան առաջնային է կարմիրգրքյան տեսակների պահպանությունն ու պաշտպանությունը, քանի որ դա բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից»,- նշել է Գրիգորյանը:

Շրջակա միջավայրի նախարարությունը դատապարտում է նման վերաբերմունքը կենդանիների նկատմամբ։ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով` տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 400-600-պատիկի չափով կամ կալանք՝ 2-3 ամիս ժամկետով՝ 1-ից 5 միլիոն դրամ վնասի վերականգնմամբ։

Գրիգորյանը գրել է, որ շնորհակալություն են հայտնում պարոն Խաչատրյանին ահազանգելու համար և ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում են նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն։