Ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին, ովքեր իրենց մարմիններով ծածկեցին Արցախն ու Հայաստանը. Սերժ Սարգսյան | տեսանյութ


«Խոսենք անկեղծ. Սերժ Սարգսյանը՝ Ապրիլյան պատերխզմի մասին» հարցազրույցների շարքի չորրորդ մաս.


Ինչո՞ւ մենք կորցրեցինք մեր զինվորների և սպաների այդքան կյանքեր:

Ես անկեղծորեն ափսոսում եմ, որ հնարավոր չէր փրկել բոլորին: Իմ մտքերն ու հույզերը յուրաքանչյուր ընտանիքի հետ են: Անիրատեսական է ակնկալել, որ ռազմական գործողությունների ժամանակ մենք զոհեր չենք ունենա: Բայց մենք բոլորս համոզվեցինք, թե ինչքան հերոսաբար էին կռվում մեր զինվորներն ու հրամանատարները: Նրանցից 75-ը հավերժ երիտասարդ մնացին՝ իրենց մարմիններով ծածկելով Արցախն ու Հայաստանը:

Ինչպե՞ս կգնահատեք հայկական բանակի գործողությունները:

Արտաքին հետախուզական տվյալների համաձայն՝ մենք հակառակորդին հասցրեցինք չորսից հինգ անգամ ավելի զինվորների, սպաների, այդ թվում, ավագ սպաների և սպառազինության կորուստ: Նույնիսկ մեր ընդդիմախոսները վերջին ժամանակները սկսեցին գրել այն մասին, որ ադրբեջանցիները իրենց տվյալներով, կորցրել են 1000-ից ավելի զինվոր: Այդպիսի մեծ մարտից ու հաղթանակից հետո մենք տխուր էինք ու սգավոր, բայց, միևնույն ժամանակ, հպարտանում էինք մեր զինվորներով, սպաներով, գեներալներով, բոլորով՝ բոլոր նրանցով, ովքեր մասնակցել են այդ հերոսամարտին: