Կասեցվել է թաղապետարանի գործունեությունը

168.am-ի տեղեկություններով՝ այսօր Պարետատան աշխատակիցներն ստուգայց են կատարել Էրեբունու թաղապետարանում, որտեղ համատարած դիմակներ չկրելու պատճառով արձանագրություն են կազմել՝ թաղապետարանի գործունեությունը կասեցնելու վերաբերյալ:

Տեղեկությունը հատաստելու համար փորձեցինք կապ հաստատել Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Արման Աբրահամյանի հետ, թաղապետը տեղում չէր:

Կատարվածի մասին մանրամասներ լսեցինք նրա մամուլի խոսնակից՝ Արթուր Օսիպյանից.

«Ուղղակի մտել են  բաժիններ, որտեղ աշխատակիցների դիմակներն իջեցված են եղել, այսինքն՝ մեկ-երկու այդպիսի դեպք են արձանագրել, և դա է եղել հիմնական պատճառը:  Այսօրվանից մինչև վաղը առավոտյան ժամը 11:00-ն, ստացվում է՝ ամբողջական մեկ օրով, կասեցվել է գործունեությունը»: