Ռուսաստանից երրորդ ինքնաթիռն է մեկնել Բեյրութ օգնություն ցուցաբերելու համար


Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության երրորդ ինքնաթիռն է մեկնել Բեյրութ՝ քաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի արդյունքում տուժածներին օգնություն ցուցաբերելու համար: Այս մասին հաղորդվել է գերատեսչության մամուլի ծառայությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Սարատովից մեկնած ինքնաթիռում գտնվում են Ռոսպոտրեբնադզորից 15 մասնագետ, ինչպես նաև կորոնավիրուսի հայտնաբերման համար դաշտային լաբորատորիա՝ համապատասխան սարքավորումներով: Բոլոր մասնագետներն ունեն հատուկ համազգեստ և պաշտպանիչ միջոցներ:

Օգոստոսի 5-ի երեկոյան Բեյրութի օդանավակայան է ժամանել Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության առաջին ինքնաթիռը՝ փրկարարներով և մարդասիրական օգնությամբ:

Նշվում է, որ Ռուսաստանը Բեյրութ է ուղարկել տաս հոգուց բաղկացած աշխատանքային խումբ, «Ցենտրոսպաս» ջոկատի 19 մասնագետներ, ինչպես նաև հոգեբաններ՝ օգնելու նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածներին: