Խաշթառակցի ընտանիքի հինգ երեխաների խնամքը կիրականացվի նույն հաստատությունում

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում երեխաների դաժան ծեծի դեպքի առնչությամբ հեռախոսազրույց է ունեցել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ: Այս մասին Բաթոյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ հեռախոսազրույցում վերջինս փաստեց, որ ծառայողական քննություն է նշանակվել Խաշթառակ համայնքում տեղի ունեցածի հանգամանքները պարզելու համար: Մարզպետը հավաստիացրեց, որ բազմազավակ ընտանիքը գտնվել է համայնքի և մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում որպես սոցիալապես անապահով ընտանիք և պարբերաբար ֆինանսական աջակցություն է ստացել: Ընտանիքին աջակցություն են տրամադրել նաև մարզում գործող հասարակական կազմակերպությունները: Պարոն Չոբանյանի խոսքով` ընտանիքում բռնության դեպքերի մասին որևէ տեղեկություն կամ ահազանգ նախկինում չի գրանցվել»,- գրել է Բաթոյանը:

Նա նշել է, որ երեխաներին միմյանցից չբաժանելու համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բոլոր հինգ երեխաների խնամքը կիրականացնի նույն հաստատությունում:

«Այս պահին քննարկվում է նաև ընտանիքի հաշմանդամություն ունեցող մյուս անդամներին համապատասխան աջակցություն, այդ թվում շուրջօրյա խնամք տրամադրելու հարցը»,- նշել է նա: