Մի քանի օրում հոգեկան առողջության կենտրոններից մեկում COVID-19-ի 25 դրական դեպք են հայտնաբերել


Նոր տեսակի կորոնավիրուսի հետ կապված համաճարակային վիճակը թուլանում է, բայց ամենօրյա նոր դեպքերի հայտնաբերման թվերը շարունակում են  բարձր մնալ: Այս մասին կառավարության հերթական նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ ծայրահեղ ծանր վիճակում կա 68 պացիենտ, ծանր վիճակում՝ 300 պացիենտ, իսկ ամենապիկը ծայրահեղ ծանրերի եղել է 178: «Թվերը նվազել են, բայց մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նման անկում կարողացել ենք արձանագրել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնները ներդնելու շնորհիվ և մեր ուղերձը հստակ է, որ հակահամաճարակային կանոնները պետք է խստագույնս պահպանվեն»,-ասաց նա:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, որ կայուն անկում կա և նշեց, որ այսուհետ եթե որևէ գործարանում, բանկերում, սուպերմարկետներում մի հոգու մոտ վիրուս են հայտնաբերում, չեն սպասում սիմպտոմներ ի հայտ գալուն, այլ բոլորին թեստավորում են: «Մի քանի օրվա մեջ հոգեկան առողջության կենտրոններից մեկն ենք հետազոտել՝ միանգամից 350 հոգու և 25 դրական դեպք են հայտնաբերել, որոնք որևէ գանգատ չեն ունեցել»,-ասաց նա: