Իտալիան կարող է արգելել Ryanair-ի թռիչքները


Իտալիայի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (ENAC) սպառնացել է արգելել Ryanair ավիաընկերության թռիչքները երկիր՝ COVID-19-ի հետ կապված անվտանգության կանոններին չհամապատասխանելու պատճառով, հայտնում է Euronews-ը:

Իր հայտարարության մեջ գերատեսչությունը նշում է Իտալիայից եւ Իտալիա թռիչքների ժամանակ COVID-19-ի առաջացման ռիսկը նվազեցնելու երկրի կանոններին Ryanair-ի «համակարգված անհամապատասխանության» մասին։

«Ոչ միայն չի կատարվում ուղեւորների միջեւ հեռավորությունը պահպանելու պահանջը, այլեւ չեն կատարվում այս կանոնից շեղվելու թույլատրելի պայմանները»,- ասվում է ENAC-ի հայտարարության մեջ:

Գործակալությունը նախազգուշացրել է, որ եթե իռլանդական ավիաընկերությունը շարունակի անտեսել կանոնները, ապա կարող է պահանջել Ryanair-ից թռիչքներ իրականացնել միայն կես տարողությամբ ինքնաթիռներով, կամ նույնիսկ «կասեցնել ազգային օդանավակայաններում բոլոր ավիափոխադրումների գործունեությունը՝ փոխադրողից պահանջելով փոխել բոլոր այն ուղեւորների երթուղին, ովքեր արդեն տոմսեր ունեն»։

Իր հերթին, Ryanair-ը հերքել է իրեն ուղղված բոլոր մեղադրանքները՝ դրանք անվանելով «փաստացի կեղծ»:

Ընկերության հայտարարության համաձայն՝ ինքը լիովին կատարում է Իտալիայի կառավարության կողմից սահմանված անվտանգության պահանջները, եւ իր ուղեւորները կարող են վստահ լինել, որ իրենք անում են հնարավոր ամեն ինչ՝ ինչպես ինքնաթիռում, այնպես էլ օդանավակայաններում շփումները նվազեցնելու համար: