Կորոնավիրուսի թեստի 1 դրական, 2 բացասական պատասխան՝ 4 օրում․ ինչպե՞ս է ստացվել

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես գիտենք, ուսումնական տարվան ընդառաջ որոշում էր կայացվել թեստավորել դպրոցների բոլոր աշխատակիցներին Հայաստանի ողջ տարածքով: Օրերս «Փաստը» մի հետաքրքիր տեղեկություն ստացավ: Խմբագրությանն էր դիմել Վանաձորի ուսուցչուհիներից մեկը (վերջինիս անուն ազգանունը չենք հրապարակում նրա խնդրանքով) եւ նշել, որ թեստավորվել է սեպտեմբերի 3-ին, 48 ժամ հետո ստացել է թեստի դրական պատասխան:

Այն ստանալու հաջորդ երկու օրերին՝ սեպտեմբերի 6-ին եւ 7-ին, սեփական նախաձեռնությամբ երկու թեստ է արել՝ ՊՇՌ եւ «ռապիդ»: Երկու թեստերի պատասխաններն էլ եղել են բացասական:

Ստացված արդյունքը զարմացրել է նրան: Ընդ որում, առաջին թեստի պատասխանը ստանալուց հետո մեր զրուցակիցն ինքնամեկուսացել է, սահմանափակել բոլոր տեսակի շփումները:

Բայց հարց էր բարձրացնում՝ ուսումնական տարին մեկնարկում է, մինչդեռ նա ստիպված է ինքնամեկուսացած մնալ այն դեպքում, երբ կորոնավիրուսի թեստի երկու բացասական պատասխան ունի ձեռքին: Խնդրի առնչությամբ նախօրեին դիմել էինք առողջապահության նախարարությանը՝ հասկանալու, թե ինչը կարող էր նման խնդիր առաջացնել՝ որեւէ թյուրիմացությո՞ւնը, թե՞ գուցե կա այլ պատճառ, ասենք՝ անսիմպտոմ ընթացքի եւ ավարտի օրերի զուգադիպության հետ կապված:

Մյուս կողմից՝ ցանկանում էինք հասկանալ՝ այս պարագայում ուսուցչուհին շարունակելո՞ւ է մնալ կարանտինի մեջ:

Նախարարությունից «Փաստին» տեղեկացրեցին, որ հերթական նմուշառումն են վերցրել տիկնոջից եւ միայն դրա պատասխանը ստանալուց հետո կարող են հստակ ասել, թե ինչու են թեստերի պատասխաններն օրերի տարբերությամբ սկզբում դրական, իսկ հետո բացասական եղել»: