«Աստված իմ, ինչու է մեր ինքնաթիռն այսքան ցածր թռչում»․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից անցել է 19 տարի | տեսանյութ

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Միացյալ Նահանգներում կատարվեց պատմության մեջ ամենամեծ ահաբեկչությունը: Ահաբեկիչների չորս խմբեր առևանգեցին չորս մարդատար ինքնաթիռներ։ 

Նրանցից երկուսն ուղարկվեցին Նյու Յորքի Մանհեթենում գտնվող Առևտրի համաշխարհային կենտրոնի զույգ երկնաքեր աշտարակներ, ինչի արդյունքում երկնաքերերը փլուզվեցին: Երրորդ ինքնաթիռն ուղարկվեց Վաշինգտոնի մոտակայքում գտնվող Պենտագոնի շենք: 

Չորրորդ ինքնաթիռի անձնակազմն ու ուղևորները փորձեցին վերահսկողություն հաստատել ահաբեկիչների վրա։ Ինքնաթիռը վթարի ենթարկվեց Փենսիլվանիա նահանգի Շենքսվիլ թաղամասի մոտակայքում գտնվող դաշտում: 

19 մահապարտ ահաբեկիչներից բացի՝ հարձակումների արդյունքում զոհվեց 2977 մարդ, ևս 24-ը համարվում է անհետ կորած: Այս աղետից հետո մեկնարկ տրվեց ԱՄՆ-ի՝ համաշխարհային ահաբեկչության դեմ  լայնածավալ պայքարին։