Ջավախքում հայերի ու ադրբեջանցիների միջեւ բախումների գործով կալանավորվել է 11 անձ. էդուարդ Այվազյան


Ջավախքում հայերի ու ադրբեջանցիների միջեւ օգոստոսի 23-ին տեղի ունեցած բախումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է 11 անձ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն էդուարդ Այվազյանը։


«Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2 ամսյա կալանավորումը։ Կալանավորվածներից երեքը հայեր են, ութը՝ ադրբեջանցիներ։ Նրանց մեղադրանքներ են առաջադրվել մասսայական ծեծկռտուք կազմակերպելու հոդվածով։ Այս պահին նախաքննության փուլ է»,- ասել է նա։

Այվազյանը պատմել է, որ դատարանի որոշման հրապարակումից հետո հայերի հարազատները Ախալքալաքի ոստիկանության դիմաց բողոքի ակցիա են իրականացրել։

Էդուարդ Այվազյանը նշել է, որ այդ դեպքի վերաբերյալ զարգացումներ չկան. ամեն ինչ հանդարտ է։