Պարեկային ծառայության համար ձեռք կբերվի 150 ավտոմեքենա, ծառայությունը կունենա նաև զենքի նոր տեսակ

 

Կառավարության այսօրվա հերթական նիստին որոշում կայացվեց ՀՀ ոստիկանությունում նոր ձևավորվող պարեկային ծառայության համար անհրաժեշտ թվով 150 պարեկային նշանակության տրանսպորտային միջոց ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ նախատեսել: Նախագիծը ներկայացրեց Ոստիկանության պետ Վահե Ղազարյանը:


Արդարադատության  նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ հիմա արդեն իրականացրել են դասախոսների մրցութային կարգով ընտրություն, հոկտեմբերին կմեկնարկի հնգամսյա դասընթացի փուլ: Նախարարը նշեց նաև, որ մեքենաները կահավորված են լինելու ամենավերջին տեխնիկական հնարավորությամբ: «Պարեկային  ծառայությունն ունենալու է նոր զենքի տեսակ, որը նախատեսված է ձեռք բերել աշնան ընթացքում»,- ասաց նա:

Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ընդհանուր բարեփոխման համար միջոցներ բյուջեով չեն նախատեսվել և տրամաբանությունն այն է եղել, որ կնախատեսվեն ըստ անհրաժեշտության:

«Հիմա այդ անհրաժեշտության առաջին փուլն է, որտեղ տեղի է ունեցել մրցույթ, ընտրվել է մատակարար և նախատեսվում է համաձայնագիր կնքվել, ընդհանուր գումարը կոնկրետ այս միջոցառման համար 1 միլիարդ 932 միլիոն դրամ է: Պահուստային ֆոնդը ծանրաբեռնված է նախագծերով, և այս դեպքում այն լուծումն է տրվել, որը բխել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի համակարգմամբ ԵՄ-ի հետ ունեցած մեր քննարկումների տրամաբանությունից, որի շրջանակներում նախատեսվում է, որ մենք ԵՄ-ից դրամաշնորհ կստանանք և դրա հաշվին կավելացվի նաև պահուստային ֆոնդը»,-ասաց նա: