Երեւանի բյուջեի ծախսերը նվազեցվեցին 233 մլն դրամով. հաղթող ճանաչված 2 նախագիծ կյանքի կկոչվի


Երեւանի ավագանին իր այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում որոշում կայացրեց փոփոխություն կատարել «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի մասին» որոշման մեջ:

Ըստ այդմ, եկամուտների գումարը ավելացվեց 60,014.0 հազար դրամով, ծախսերի գումարը նվազեցվեց 233,386.0 հազար դրամով, իսկ դեֆիցիտի գումարը նվազեցվեց 293,400.0 հազար դրամով:

Բացի այդ, 2020 թվականի բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացվեց 25,141.5 հազար դրամ՝ Երևանում քանդման ենթակա վթարային շենքերի բնակիչներին փոխհատուցման համար բնակարանների ձեռքբերման համար:

Նաեւ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացվեց 200 հազար դրամ՝ հայրության ճանաչման գործընթացի կապակցությամբ հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշանակված «ԴՆԹ թեստավորման» հետազոտության վճարի համար:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, թե ինչ փոփոխություններ են կատարվում բյուջեում.

 «Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նպատակային հատկացումներն ավելացնել 60,014.0 հազ. դրամով, որը՝ Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի ծախսային մասում, նախատեսվում է ամբողջությամբ ուղղել ՀՀ պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի կառուցման աշխատանքների իրականացման համար:

• Նախագծով առաջարկվում է ««Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» ծրագրի շրջանակներում մասհանումների գծով վճարումների տրամադրում» ծրագրով նախատեսել 103,4 հազ. եվրոյին համարժեք 59,522.9 հազ. ՀՀ դրամ՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2015 թվականի դեկտեմբերի 11-ին կնքված «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ի միջև 2017 թվականի դեկտեմբերի 12-ին կնքված ենթավարկային պայմանագրի մասհանման գծով, մարումը՝ «Երևանի քաղաքային նոր աղբավայր» ՓԲԸ-ին սուբսիդավորելու նպատակով:

• Նախագծով առաջարկվում է՝ 2019 թվականի «Ակտիվ քաղաքացի» նախագծի ամփոփման արդյունքում, հաղթող ճանաչված նախագծերից երկուսի համար նախատեսել 45,937.4 հազ. դրամ, մասնավորապես 9,075.6 հազ. դրամ՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան 54 շենքի բակային տարածքի բարեկարգման աշխատանքների համար, և 36,861.8 հազ. դրամ՝ Երևանի քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասում, մարզական կենտրոնի կառուցման համար:

• Նախագծով առաջարկվում է 293,400.0 hազ. դրամն ուղղել «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալում բաժնետոմսերի ձեռք բերմանը:

• Նախագծով նախատեսվում է պահուստային ֆոնդի վարչական մասը նվազեցնել՝ 59,522.9 հազ. դրամի դրամի չափով, իսկ ֆոնդային մասը՝ 339,337.4 հազ. դրամի չափով: