Բացահայտվել է 30-ամյա տղամարդու դանակահարության դեպքը | տեսանյութ


Սեպտեմբերի 3-ին, ժամը 22-ի սահմաններում, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի կտրած-ծակած վերքով 30-ամյա մի տղամարդ է բուժօգնության դիմել:

Օպերատիվ խումբը մեկնել էր բժշկական կենտրոն: Ոստիկաններն արձանագրել էին որտեղից, ինչ ախտորոշմամբ է քաղաքացին հիվանդանոց դիմել: Տուժողն ի վիճակի չէր բացատրություն տալու: Նրան դանակահարել էին:

Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ:

Բացահայտման ուղղությամբ քրեական հետախույզները անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին: Եվ հաղորդումից մեկ օր անց պարզվեցին ոչ միայն դեպքի վերաբերյալ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այլեւ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, տուժողը մարմնական վնասվածքը ստացել էր Բաբաջանյան փողոցի պանդոկում ծագած վեճի հետեւանքով: Խմբային վեճը ծեծկռտուքի էր վերածվել, որի ժամանակ էլ նույն փողոցի 26-ամյա մի բնակիչ դանակահարել էր նրան:

Սեպտեմբերի 4-ին կասկածյալը Վերին Շենգավիթի 2-րդ փողոցից բերման ենթարկվեց ոստիկանության Մալաթիայի բաժին:

Նա տվել է խոստովանական ցուցմունք եւ ձերբակալվել:

Հանգամանքները պարզվում են:

Նախաքննությունը շարունակվում է: