«Թավշյա հեքիաթ 4». Գարիկ հեկտարը և թռչող կոկորդիլոսը | տեսանյութ

Պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Թավշյա հեքիաթ 4» վերտառությամբ տեսանյութը, որում անդրադառնում է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի՝ հարցազրույցներից մեկում «կոկորդիլոսաբուծության» մասին արած հայտարարությանը և դրան հետևած զարգացումներին։

Նա մասնավորապես նշում է, որ մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ Արարատի մարզի Դաշտավան համայնքում ստեղծվող կոկորդիլոսաբուծարանի համար ներդրվելու է 10 մլն դրամ, ստեղծվելու է 300-500 աշխատատեղ։


Մխիթարյանը նշում է, որ 4 ամիս անց՝ 2019 թվականի հունվարին Գարիկ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել է, որ ներդրումն ուշանում է, քանի որ ներդրողը Տանզանիայից է, որին չեն կարողանում վիզա տրամադրել, այնինչ, Մխիթարյանի հաղորդմամբ, ներդրողը հայ էր։


Ռուբեն Մխիթարյանը նշում է, որ անգամ վիզայի տրամադրումից հետո ևս ներդրումները չէին կատարվում, և մարզպետի միակ հիմնավորումը «ծրագրին աչքով տալն էր»։ Արդեն 2019 թվականի հունիսի 25-ին լրագրողների հետ զրույցում մարզպետը նշում է՝ կոկորդիլոսաբուծարանի թեման իրեն սպառել է։

«Ուղիղ մեկ տարի գովազդված Արարատի մարզի կոկորդիլոսաբուծարանը չկա, հեքիաթ էր»,- նշում է Մխիթարյանը։


Տեսանյութի վերջում Ռուբեն Մխիթարյանը պատմում է մի քանի ամիս առաջ տարածված լուրերի մասին առ այն, որ Գյումրիում լինելու են օդային տրամվայներ, որի ճանապարհները ձգվելու են տասնյակ կիլոմետրեր, 500-600 մլն դոլար ներդրում է կատարվելու, որի արդյունքում ստեղծվելու են հազարավոր աշխատատեղեր, և հրավիրում ունկնդիրների ուշադրությունը․ «Օդային տրամվայների ներդրողն այն նույն մարդն է, որը երկու տարի առաջ պատրաստվում էր կոկորդիլոսաբուծարան բացել Արարատի մարզում։ Եվ 500-600 մլն դոլար ներդրման մասին խոսում է մեկը, ով 2 տարի առաջ 10 մլն դոլարի ներդրում չկատարեց Արարատի մարզում»։