Հայկական թեստերի արտադրության վրա բյուջեից 500 հազար դոլար է ծախսվել, սակայն դրանք դեռ չեն օգտագործվում


«Հրապարակ»-ը գրում է. «Ապրիլի 6-ի ուղիղ եթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը խոսեց իր օրոք արձանագրված հերթական «աննախադեպության» մասին՝ կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրություն սկսելու, որն իրականացվելու էր ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում։ 


Հրապարակվեց տեղեկություն, որ կառավարությունը 550 հազար դոլար է տրամադրում՝ թեստերի ստեղծման համար նյութեր ձեռք բերելու նպատակով, ու, ինչպես հիշում ենք՝ Ֆեյսբուքում ուռա՜ա, շնորհավորանքնե՜ր, աչքալուսանք։ Ինստիտուտի տնօրենն էլ մեզ հետ հարցազրույցում համեստորեն նշել էր, որ շնորհավորանքներն ավելի հաճույքով կընդունի, եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա։

Այս «ուռա-հայրենասիրության» բարձր ֆոնին գրեթե խլացել էին առանձին մասնագետների՝ բժիշկ-գենետիկների հոռետեսական զգուշացումները, թե Հայաստանում թեստ արտադրելն այդքան հեշտ չէ։ Հետո՝ երկարատեւ սպասումներ թեստերն էին մշակում, հետո՝ էլի սպասումներ, որ ԱՆ ենթակայությամբ գործող Հիվանդությունների վերահսկման ՊՈԱԿ-ը կփորձարկի ինստիտուտի մշակած թեստերը, եւ դրական եզրակացության դեպքում առաջիկայում կսկսվի հայաստանյան թեստերի մասսայական արտադրությունը, ու ողջ հասարակությունը հնարավորություն կունենա թեստավորվել, ժամանակին ախտորոշվել, ժամանակին բուժվել։

Այս ընթացքում կորոնավիրուսը, Նիկոլ Փաշինյանի խոսքով, Հայաստանը դժոխքի վերածեց, հետո սկսեց բնական ճանապարհով մարել, այնուհետ համեմատաբար կայուն իրավիճակում հայտնվեցինք։ Ենթադրվում էր, որ ինչ-որ պահից սկսած՝ Հայաստանում կորոնավիրուսի դեպքերը հայտնաբերվում են տեղական արտադրության թեստերով։ Սակայն որքան մեծ եղավ մեր զարմանքը, երբ տեղեկացանք, որ առայսօր տեղական արտադրության թեստերը չեն օգտագործվել։ Իսկ պատճառն այն է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պետք է, այսպես կոչված, պրեթեստ անի, այսինքն՝ սերտիֆիկատ տա առ այն, որ հայկական թեստերը կիրառելի են եւ համապատասխանում են ԱՀԿ չափորոշիչներին։ Ըստ մեր տեղեկության՝ Հայաստանն այդ պրեթեստն ԱՀԿ-ից չի ստացել, այդ պատճառով հայկական թեստերը եթե անգամ արտադրվում են, ապա չեն օգտագործվում։

Սակայն Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանը շատ հաստատակամ պնդեց, որ նման բան չկա՝ թեստերն արտադրվում են։ Զարմացած՝ հարցրինք ԱՀԿ եզրակացությունը դրակա՞ն է եղել։ Պատասխանը նույնքան հաստատակամ էր՝ «այո»։ Լավ, թերություննե՞ր էլ չեն նշել։ Պատասխան «Ոչ, թեստավորման 4 հնարավոր մեթոդներից 3-ի հետ կապված՝ նորմալ երաշխավորում կա, մանրամասները կարող եք ԱՀԿ-ից ճշտել»։

Այնուամենայնիվ, մեր ստացած տեղեկություններն այլ բանի մասին են խոսում, եւ հաջորդ օրը կրկին զանգահարեցինք Արսեն Առաքելյանին ու հայտնաբերեցինք, մեղմ ասած, մի շարք անհամապատասխանություններ նրա վերջին ու նախորդ օրվա ասածների միջեւ։

- Որքա՞ն է հայկական մեկ թեստի ինքնարժեքը։

- 2,5 դոլար։

- Թեստերի արտադրության համար նախատեսված 500 հազար դոլարն ամբողջությամբ իրացվե՞լ է։

- Ոչ, մենք նշել ենք, որ օգտագործվել է նյութերի գնման համար 250 հազար դոլար։

- Իսկ մյուս մա՞սը։

- Մյուս մասից մենք տեղյակ չենք։ Մյուս մասի մասին կարող եք հարցնել պարետատնից, նախարարությունից։

- Մեր հայկական թեստերն օգտագործվո՞ւմ են։

- Հայկական թեստերը․․․ մենք 47 հազար թեստ պատրաստել ենք, հանձնել ենք Հիվանդությունների կանխարգելման կենտրոնին։ Օգտագործում են, թե ոչ՝ ճշտեք իրենցից, ես այդ ինֆորմացիային չեմ տիրապետում։

- Բայց ամեն օր շարունակո՞ւմ եք արտադրել։

- Էս պահին՝ չէ, մոտակա շաբաթում կսկսենք, իսկ հիմա կանգնած ենք։

- Ինչո՞ւ, դեպքերը քչացել են, ա՞յդ պատճառով։

- Չէ, պարզապես, երբ անհրաժեշտ քանակը պետք լինի, նույնկերպ կվերսկսենք։

ՀԳ Անսալով Արսեն Առաքելյանի խորհրդին՝ Հիվանդությունների կանխարգելման կենտրոնի ղեկավար Արտավազդ Վանյանին հարցրինք՝ օգտագործվե՞լ է այդ 47 հազար թեստը։ Նա առաջարկեց այդ հարցով դիմել ԱՆ։

ԱՆ խոսնակն այս հարցին ի պատասխան՝ ասաց «Մենք փորձաքննությունը կատարել ենք, եւ թեստերը լիարժեք համապատասխանում են ստանդարտներին: Առաջիկայում օգտագործման գործընթացը կսկսվի, եւ լրացուցիչ կտեղեկացնենք»։ Փաստ է, որ առայսօր այդ թեստերը չեն օգտագործվել։ 500 հազար դոլար կառավարությունը քամուն է տվել։ Եվ եթե անգամ արտադրվել են այդ թեստերը, դրանք չեն համապատասխանում չափորոշիչներին եւ կիրառման ենթակա չեն։ Ոչ միայն պետական միջոցներն են վատնվել, այլեւ հանրությանը փորձել են այս ամբողջ ընթացքում մոլորեցնել, թե Հայաստանում թեստեր են արտադրվում, եւ դրանով են թեստավորվում կորոնավիրուսով հիվանդները»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։