Էլ խնդիր չկար քաղաքում լուծելու, որ 50 դրամանոց գրիչ, փուչիկ վաճառողին հարկո՞ւմ ենք. Թ․ Վարդանյան


Ուզում եմ հասկանալ էլ ինչքա՞ն ենք պարանը սեղմելու քաղաքացու վզին: Մենք հիմա խոսում ենք փուչիկ, անձեռոցիկ, սուրճ ծաղիկ գրիչ վաճառողների մասին, ոչ մեկիս գաղտնիք չէ, որ նրանք լուրջ տնտեսվարողներ չեն, օրվա երկու կոպեկ հացի փող են վաստակում. ավագանու նիստի ժամանակ ասաց ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը՝ անդրադառնալով շրջածախ առևտուր իրականացնողներին հարկելու նախագծին:


Նա նշեց, որ նախագծում ասվում է, որ շրջածախ առևտրի իրականացման հայտը պետք է ներկայացնել էլեկտրոնային կամ թղթային տարբերակով, սակայն իր մոտ հարց է առաջանում՝ կարո՞ղ է խոսքը Սինգապուրի կամ այլ զարգացած երկրի մասին է.


«Մենք խոսում ենք Երևանի մասին, որ մի պապիկ մետրոյում կամ փողոցում գրիչ կամ անձեռոցիկ է վաճառում, այսինքն՝ ի՞նքն էլ պետք է հարկվի: Ես ցավում եմ, որ Մարությանը այստեղ չէ, վերապահում ունեմ առողջականի մասով, կցանկանայի այստեղ լիներ,  քանի որ նա մեծ մասնագետ է կերպար կերտելու, մի հատ կերտել էլի փուչիկ վաճառողի կերպարը՝ 10 փուչիկ ձեռքը: Ուզում եմ զուտ պատկերացնել, ո՞նց է աշխատելու: Այսինքն 10 -15հատ փուչիկը, ՀԴՄ ապարատը, լիցենզիան, դրամապանակը իրավունքն չունի դնի գետնին, ո՞նց եք պատկերացնում աշխատանքը: Էլ ինչ կարաք անեք, որ մարդկանց վզին պարանը սեղմեք»:


Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանը պատասխանեց, որ իրենց համար ավելի հեշտ է կլիներ նրանց գործունեությունը արգելելը, բայց որոշել են կարգավորման ճանապարհով հարցը լուծել: Իսկ ինչ վերաբերում է հարկերին, ապա հարցը պետք է ուղղել ՊԵԿ ին, որ նրանք պատճառաբանեն, թե ինչ հարկեր պետք է վճարեն փոքր և միջին գործունեությամբ զբաղվողները:

Թեհմինա Վարդանյանը հակադարձեց, որ երկու տարի է քաղաքային իշխանության աշխատանքը կապված փողոցային առևտրի հետ՝ խայտառակ վիճակում է. սկսած ՝ Փակ շուկայից՝ ավարտած ծայրամասերով:


«Սաղ խաղերը խաղացել ենք, սաղ պարերը պարել ենք հիմա պապիկը պետք է անձեռոցիկ վաճառելու համար գնա լիցենզավորվի, այս իշխանությունը սովոր է ամեն ինչ գցի ՊԵԿ-ի, Ոստիկանության, Կառավարության դաշտ, մի բանի պատասխաանտվության կարո՞ղ ենք կրել: Մենք այս պահին հարկում ենք ամենաճնշված և ամենավատ վիճակում գտնվող խավին, չգիտեմ էլ խնդիր չկար քաղաքում լուծելու, որ 50 դրամանոց գրիչ վաճառողին հարկում ենք: Մարությանը այստեղ լիներ փուչիկ էի դնելու ձեռքը, նա է քաղաքապետը և, վերջիվերջո, նա է ստորագրել, որ նախագիծը հասել է այստեղ»,- եզրափակեց խոսքը Թեհմինա Վարդանյանը: