5 նոր մասնագիտություն է ներդրվելու

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է դրել Կառավարության որոշումներից մեկում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծ։

Նախագծի նպատակն է Կառավարության որոշմամբ հաստատված բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկը լրացնել նոր մասնագիտություններով՝ «Հասարակայնության հետ կապեր», «Գեոմատիկա», «Ագրարային ճարտարագիտություն», «Պետական և ռազմական կառավարում» և «Պաշտպանական անվտանգային գործունեություն»:

Հիմնավորման մեջ նախարարությունը նշել է «Հասարակայնության հետ կապեր.

Ժողովրդավարական ավանդույթների տարածմանն ու ամրապնդմանը զուգահեռ կարևորվում է հասարակայնության հետ կապերի մասնագիտության դերը նաև բարձրագույն մասնագիտական կրթության ոլորտում։ Առաջին PR հասարակական կազմակերպությունը Հայաստանում գրանցվել է 2003 թվականին, ուստի պահանջ կա նաև՝ ստեղծելու կրթաուսումնական նախապայմաններ ու միջավայր, որտեղ անհատը կարող է մասնագիտանալ հասարակայնության հետ կապերի ոլորտում։ Տասը տարուց ավելի է, ինչ Հայաստանում կան և գործում են հանրային կապերի ոլորտի մագիստրոսական ծրագրեր։ Ընդ որում, Հայաստանում հասարակայնության հետ կապերի գծով մագիստրատուրայի լինելիության փորձը ցույց է տվել, որ երկու տարին բավարար չէ այդ ուղղությամբ հետևողական ու մեթոդաբանական գործիքաշարով զինված որոշակի մտածողություն ձևավորելու համար։ Բակալավրիական կրթական ծրագիրը կոչված է նպաստելու համապատասխան տեսական գիտելիքներ և մտածելակերպ սերմանելուն։ ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների կրթական ծրագրերի ցանկում չկա հանրային կապերի բալավրիական կրթական ծրագիր։ Այդ բացակայությունը մեծ մասամբ պայմանավորված է թերևս այն նկատառումով, որ հասարակայնության հետ կապերը հիմնարար գիտություն չէ, և համապատասխան մասնագիտացումը ավելի քիչ ժամանակ է պահանջում։ Սակայն, մի կողմից այդ ոլորտի զարգացման համաշխարհային միտումները, մյուս կողմից Հայաստանի աշխատաշուկայում ձևավորված պահանջարկը ձևավորել են այդ բնագավառում գիտելիքներն առավել խորացնելու պահանջ։ Նախ՝ գիտության զարգացման ժամանակակից միտումների առանձնահատկություններից մեկն այն է, որ հետզհետե ավելանում և քաղաքացիության իրավունք են ստանում միջգիտակարգային գիտությունները։ Հասարակական կյանքի բարդացմանը զուգընթաց առաջանում է գիտության մասնավորեցման կարիք, և նախկինում օժանդակ գիտակարգ համարվող ոլորտները կատարելագործվում ու ձեռք են բերում գիտության կարգավիճակ։ Նույն տրամաբանությամբ արևմտյան մի շարք առաջատար համալսարաններ (այդ թվում՝ Իլինոյիսի համալսարանը /ԱՄՆ/, Հյուսիսային Արիզոնայի համալսարանը /ԱՄՆ/, ԵՄ Բիզնեսի դպրոցը /Շվեյցարիա/, Լինքոլնի համալսարանը /Անգլիա/ և այլն) արդեն վաղուց իրականացնում են հասարակայնության հետ կապերի բակալավրիական ծրագրեր։ Բացի դրանից՝ Հայաստանում թե՛ պետական, թե՛ քաղաքական և թե՛ տնտեսական կյանքի զարգացման արդի տեմպերը ձևավորել են հասարակայնության հետ կապերի պատշաճ պատրաստվածություն ունեցող մասնագետների պահանջարկ։ Պետական մարմիններում, քաղաքական դաշտում, ինչպես նաև մրցունակ մասնավոր կազմակերպություններում հասարակայնության հետ կապերի մասնագետը խիստ պահանջված է։

Գեոմատիկա. Ներկայումս «Գեոդեզիա և կադաստր» կրթական ծրագիրը գործում է «Շինարարություն» մասնագիտության շրջանակում, որը սահմանափակում է ոլորտի առջև ծառացած խնդիրների լուծման հնարավորությունները: Հաշվի առնելով այդ փաստը և առաջնորդվելով գեոմատիկայի ոլորտում տեղի ունեցող զարգացումներով, անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացում և «054 Գիտություններ երկրի մասին» ոլորտը լրացնել նոր՝ «0543 Գեոմատիկա» բաժնով՝ «054301.00.6(7) Գեոմատիկա» մասնագիտությամբ: ՀՀ կրթական, բիզնես և պետական կառավարման մարմինների քաղաքականության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մոտակա տարիներին ի հայտ է գալու կադրային բազայի խոշոր պահանջարկ, որը սկսել է դրսևորվել նաև ներկայումս և անհրաժեշտ են հստակ քայլեր ոլորտի զարգացման համար: Բոլոր պետական մարմիններում, կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով, պետք է ստեղծվեն և ներդրվեն համապատասխան տեղեկատվական հարթակներ: Մասնավոր սեկտորում գործող ընկերությունները պետք է համալրվեն համապատասխան մասնագետներով, որոնք պետք է բավարարեն այսօրվա աշխատաշուկայի պահանջներին:

Ագրարային ճարտարագիտություն. Բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում Ագրարային ճարտարագիտության ոլորտն որպես միջոլորտային մասնագիտություն առանձնացնելու կարևորությունը բխում է

· կրթական ծրագրերի վերջնարդյունքների սահմանման, ինչպես նաև որակավորումների ոլորտային շրջանակի (ՈՈՇ) մշակման և կիրառման գործընթացում հստակություն մտցնելու անհրաժեշտությունից,

· Հայաստանի ագրարոպարենային ոլորտում կենսատեխնոլոգիաների ճարտարագիտության, ճշգրիտ և խելացի գյուղատնտեսության արդի թվային տեխնոլոգիաների մշակման ու ներդման անհրաժեշտությունից,

· Հայաստանի ազգային ագրարային համալսարանի զարգացման տեսլականից, որի միջնաժամկետ ռազմավարության առանցքային դրույթ է համալսարանի վերակազմավորումը «ագրարայինից» «ագրոտեխնոլոգիականի»,

· Գյուղատնտեսության զարգացման, մրցունակության և արդյունավետության բարձրացման նպատակով ավանդականից նորարարական տեխնոլոգիաներ անցման անհրաժեշտությունից։

Ագրարային ճարտարագիտությունն որպես առանձին մասնագիտություն ԱՄՆ-ում ձևավորվել դեռ 1903թ.: Վերջին 10 տարում այս մասնագիտության պահանջարկը միջազգային շուկայում աճում է` պայմանավորված արդի ժամանակաշրջանում ճշգրիտ և խելացի գյուղատնտեսության, կենսահամակարգերի ճարտարագիտության, թվային ագրոտեխնոլոգիաների արագընթաց զարգացման անհրաժեշտությամբ։ Ագրարային ճարտարագետներն են ինտեգրում տեխնոլոգիաները գյուղատնտեսության հետ՝ նախագծելով նոր և կատարելագործված գյուղատնտեսական սարքավորումներ, որոնք կարող են ավելի արդյունավետ աշխատել, կամ կատարել նոր առաջադրանքներ: Նրանք նախագծում և կառուցում են գյուղատնտեսական ենթակառուցվածքներ, ինչպիսիք են ամբարտակները, ջրամբարները, պահեստները և այլ կառույցներ: Նրանք կարող են աջակցել գտնել լուծումներ ուղղված խոշոր տնտեսություններում աղտոտվածության վերահսկմանը: Ագրարային ճարտարագետները մշակում են նաև բիովառելիքի նոր ձևեր ոչ պարենային ռեսուրսներից, ինչպիսիք են ջրիմուռներն ու գյուղատնտեսական թափոնները: Նման վառելիքները կարող են տնտեսապես և կայուն փոխարինել բենզինին՝ չվտանգելով սննդի մատակարարումը:

Չնայած ագրարային ճարտարագիտության կարևորությանը ՀՀ գյուղատնտեսության ոլորտում` բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում Ագրարային ճարտարագիտության ոլորտն որպես միջոլորտային մասնագիտություն առանձնացված չէ (ինչպես օրինակ՝ Արդյունաբերական ճարտարագիտությունը): Նման մոտեցումը շփոթմունք է առաջացնում և դժվարություն է ստեղծում կրթական ծրագրերի վերջնարդյունքների սահմանման գործընթացում, ինչպես նաև որակավորումների ոլորտային շրջանակի (ՈՈՇ) մշակման և կիրառման գործընթացում, քանի որ որպես կրթական ծրագրեր նրանք այսօր տարալուծված են այլ մասնագիտությունների դասիչների ներքո՝ կորցնելով իրենց առանձնահատկությունները, դերն ու նշանակությունը։ Եվ այսօր առաջնային խնդիր է դարձել ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում Ագրարային ճարտարագիտության ոլորտն որպես միջոլորտային մասնագիտություն առանձնացնելը։

Պետական և ռազմական կառավարում, Պաշտպանական անվտանգային գործունեություն. ՀՀ կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 24-ի N 1537-Ն որոշմամբ ստեղծվել է ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը (այսուհետ՝ ՊԱՀՀ), որով որպես համալսարանի նպատակ ու գործառույթ նախատեսված է պաշտպանական-անվտանգային ոլորտում բարձրագույն մասնագիտական (մագիստրատուրա), հետբուհական մասնագիտական (ասպիրանտուրա և դոկտորանտուրա) և լրացուցիչ կրթության իրականացումը»: