Խաշթառակում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը մահացել է


Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում պապի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը երեկ մահացել է։ Կինը նախ Երևան էր տեղափոխվել թունավորմամբ ու արգանդային սուր արյունահոսությամբ: «Միքայելյան» հիվանդանոցում նրա վիճակը կայունացրել էին, ապա տեղափոխել «Իջևանի» ԲԿ, իսկ այնտեղից էլ տեղափոխել էին «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»։ Կնոջը հոգեբուժարանից տեղափոխել են «Սևանի» ԲԿ, որտեղ վերջինս մահացել է։ 

ArmDaily.am-ի հետ զրույցում «Սևանի» ԲԿ-ի տնօրեն Գայանե Էլիզբարյանը հայտնել է, որ երեկ մահվան դեպք է գրանցվել. «Երեկ «Սևանի» ԲԿ-ում կնոջ մահվան դեպք է գրանցվել, կինը տեղափոխվել էր հիվանդանոց «Սևանի» հոգեբուժարանաից։ 

Հարցին՝ ո՞րն է եղել մահվան պատճառը, արդյոք ճի՞շտ է այն տեղեկությունը, որ կնոջ մահվան պատճառը դեղորայքը կամ դրանց բացակայությունն է եղել՝ Էլիզբարյանը պատասխանել է. «Նախաքննությունը կպարզի մահվան պատճառը, ես մահվան պատճառների մասին ոչինչ չեմ կարող ասել, բայց մահը դեղերից չի եղել»։

Նա նաև նշել է, որ կինը մի շարք խնդիրներ է ունեցել՝ չմանրամասներով, թե խոսքն ինչի մասին է։ 

Փորձել են տեղեկությունը ճշտել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն»-ի տնօրեն Դավիթ Կարապետյանից, ով նշել է, որ հոգեբուժարանում մահվան որևէ դեպք չի գրանցվել, սակայն այլ հարցերի հրաժարվեց պատասխանել, նշելով, որ դիմենք Առողջապահության նախարարություն։ 

Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն էլ ասել է, որ «Սևան»-ի հոգեբուժարանում մահվան դեպք չի գրանցվել, մահվան դեպք գրանցվել է «Սևան» ԲԿ-ում, սակայն չի կարող նույնացնել։