Ավտոմեքենան մոտ 70 մետր գլորվել է ձորը. կա զոհ. վիրավորների վիճակը ծանր է

 

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 2-ին, ժամը 19:38-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Ավանգարդ Կարբի» հանգստի գոտու մոտակայքում «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան ընկել է ձորը կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Կարեն Հ., ծնված 1990 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 70 մետր գլորվել ձորը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Սրբուհի Հ-ն (ծնված 2014 թ.) տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, իսկ Համլետ Հ-ն՝ «Արմենիա» ՀԲԿ։

Փրկարարները վարորդին և Սուսաննա Ա-ին (ծնված 1961 թ.) պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են Աշտարակի ԲԿ։ Բժիշկները Կարեն Հ-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Համլետ Հ-ինը և Սուսաննա Ա-ինը՝ կայուն ծանր, իսկ Սրբուհի Հ-ինը՝ բավարար։

Փրկարարները քաղաքացիների հետ համատեղ ուժերով ավտոմեքենայից մոտ 10 մ հեռավորության վրա՝ ձորակից, դուրս են բերել Սրբուհի Հ-ի (ծնված 1961 թ) դին, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: